Թուրքիայում մահմեդական ուղևորներին «ահաբեկիչներ» անվանած բրիտանուհիներն իջեցվել են ինքնաթիռից
Թուրքիայի Մուղլա քաղաքից Լոնդոն մեկնող ինքնաթիռից Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացի է իջեցվել: Ինչպես հաղրոդում է CNN Türk հեռուստաալիքը, պատճառը ուղևորների կողմից հնչեցված ռասիստական բնույթի վիրավորանքներն են եղել:
Thomas Cook ավիաընկերության հաղորդման մեջ ասվում է, որ երկու կին ուղևորները ռասիզմին հատուկ պահվածք են դրսևորել երեք ասիացի ուղևորների նկատմամբ՝ օգտագործելով «ահաբեկիչ» բառը:
Բրիտանուհիները նախ պահանջել են, որպեսզի ասիացի ուղևորներին թույլ չտան թռչել նույն ինքնաթիռով, այնուհետև սկսել են վիրավորել նրանց, իսկ արդյունքում հենց իրենք են ոստիկանության ուղեկցությամբ դուրս բերվել ինքնաթիռից:
Նույն չվերթի ուղևոր, բելգիացի Մարիո վան Պոպելը պատմել է, որ մահմեդական կրոն դավանող ասիացի ուղևորներն «ակնհայտ կերպով վիրավորված» են եղել, սակայն պահպանել են սառնարյունությունը:
Հաղորդվում է, որ միջադեպի պատճառով թռիչքն ուշացել է 1 ժամ 20 րոպեով:










