Գերմանիայի կառավարությունը բացատրել է Փարիզում Մերկելի մոտ նկատված հևոցի պատճառը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Փարիզում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծանր հևացել է, քանի որ մինչ այդ ստիպված է եղել արագ բարձրանալ աստիճաններով: Ինչպես գրում է Rheinische Post պարբերականը, այս մասին հայտնել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը:
Ներկայացուցիչն ընդգծել է, որ դրանում որևէ առանձնահատուկ բան չկա, արտառոց ենթադրությունների առիթ նույնպես չկա:
Ավելի վաղ Մերկելը Փարիզում Բաստիլի գրավման օրվա տոնակատարությանը մասնակցության վերաբերյալ կարճ հայտարարությամբ էր հանդես եկել լրատվամիջոցների ներկայացուցիչների առաջ: Շատ լրագրողներ և լրատվամիջոցներ նկատել էին, որ Գերմանիայի ղեկավարը ծանր է շնչում՝ դա կապելով նրա առողջական վիճակի և վերջերս նրա մոտ նկատվող ցնցման նոպաների հետ:
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլերի մոտ վերջին շաբաթներին մի քանի անգամ ցնցման նոպա է նկատվել. առաջին անգամ նա ցնցվել էր հունիսի 18-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը: Նա այդ ժամանակ կատարվածը բացատրել էր ջրազրկմամբ:
Իրավիճակը կրկնվել է հունիսի 27-ին՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը: Վերջերս Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ Բեռլինում հանդիպման ժամանակ Մերկելի ինքնազգացողությունը կրկին վատացել էր:
Բժիշկները ենթադրել էին, որ վատ ինքնազգացողության պատճառ կարող են լինել իշեմիկ տրեմորը, շաքարային դիաբետը և անոթների հետ խնդիրները, սակայն կանցլերը հայտարարել էր, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Նա չէր հերքել իր մոտ առողջական խնդիրների առկայությունը, սակայն վստահեցրել էր, որ ամեն ինչ կհարթվի, և որ ինքը լիովին ունակ է կատարելու իր պարտականությունները:










