Դիմելիությունը չափազանց մեծ է, երբեք ՄԻՊ-ն այսքան ծանրաբեռնված չի եղել․ՄԻ պաշտպանը տեղեկացրեց, որ նախատեսում են Տավուշի և Լոռու մարզերում ևս գրասենյակներ բացել

13:12 • 15.07.19

Տավուշի և Լոռու մարզերն առաջնահերթ թիրախային խմբում են, որ ՄԻՊ-ն ունենա արագ արձագանքման գրասենյակ․ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեն» թեմայով քննարկմանը հայտարարեց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ՄԻՊ-ը հանրապետության քանի մարզում ունի գրասենյակ և ակնկալում են արդյոք 2020 բյուջեով նոր գրասենյակների բացում։

Թաթոյանը նշեց, որ այս պահին երեք մարզում ՄԻՊ-ն ունի ստորաբաժանում՝ Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի մարզերում։ «Մենք կարևորում ենք իրավունքների պաշտպանությունն առավել մեծացնելը, քանի որ իրավիճակներ են լինում արագ արձագանքելու»,-ասաց նա։

Արման Թաթոյանը նշեց, որ քանի որ դեռ բյուջեի քննարկումները շարունակվում են, հնարավոր է, որ մինչև 2020 թ. բյուջեի հաստատումը Տավուշի մարզային բաժին բացեն և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

«Մենք նաև նախատեսում ենք արագ արձագանքման գործառույթն էլ ավելի ուժեղացնել։ Երկու տարի է՝ նոր համակարգ է գործում, և շուրջօրյա թեժ գիծը համալրվել է ձայնագրող հատուկ սարքով, և մենք նաև աշխատում ենք ելքային զանգերը ձայնագրել, հետագայում ավելի մանրամասն ծանոթանալու և խնդիրը լուծելու համար»,-ասաց պաշտպանը։

Թաթոյանը նշեց, որ իրենք հիմա ներդրել են մի քանի հեռախոսագիծ միանգամից, որ զբաղված ցույց չտա։

«Դիմելիությունը չափազանց մեծ է, երբեք ՄԻՊ-ն այսքան ծանրաբեռնված չի եղել և կարևոր է հստակ արձագանքելը, որ արադացնենք քաղաքացիների ակնկալիքները»,-ասաց նա։