Չեմ հիշում որևէ դեպք, որ հայկական որևէ բարձրաստիճան պաշտոնյա գումար խնդրեր Լեհաստանից. ՀՀ նախկին դեսպանը պատգամավորների հայտարարությունից զարմացած է

22:44 • 16.07.19

Ես չգիտեմ՝ ինչ հանդիպումներ են եղել, ես նոյեմբերից եմ ավարտել իմ առաքելությունը Լեհաստանում և կարծում եմ, որ շատ լավ ժառանգություն եմ թողել ներկայիս պարոն դեսպանին. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Վարշավա այցելած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակության մամուլի ասուլիսին արված այն հայտարարությանը, թե Լեհաստանի հետ աշխատանքը պատշաճ մակարդակով չի կատարվում:  

Մասնավորապես, պատվիրակության անդամ, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշել էր, որ հիասթափված պետք է խոսի իրենց վարած խորհրդարանական դիվանագիտության մասին: Նշել էր, որ վիզաների ազատականացման մասով պետք է հիասթափեցնի բոլորին՝ լեհերը հայերին չեն պաշտպանելու այդ հարցում, ինքը տպավորություն է ստացել համատեղ նիստի որոշ դրվագներից, որ լեհերը տեղյակ չեն, որ ՀՀ-ում իշխանափոխություն է եղել և շարունակում էին ի դեմս իրենց՝ տեսնել մարդկանց, ովքեր ուղիղ կապ ունեն նախկին իշխանության հետ:

«Դուք վստա՞հ եք, որ նա Լեհաստան է գնացել, որովհետև իմ պաշտոնավորման շրջանում հայ-լեհական հարաբերությունները միշտ եղել են բարձր մակարդակի վրա, հատկապես խորհրդարանական դիվանագիտության առումով: Ես պարգևատրվել եմ ԱԺ-ի Պատվո մեդալ բարձրագույն պարգևով, հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու համար: Իմ պաշտոնավարման ժամանակաշրջանում Լեհաստանի Սեմը և Սենատը պատմական բանաձևեր են ընդունել, որովհետև գնահատել են հայ ժողովրդի պատմական դերը Լեհաստանի պատմության մեջ: Մենք միջխորհրդարանական բազմաթիվ նման հարաբերություններ ու կապեր ենք ունեցել: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն է եղել Լեհաստանում, բարեկամության խմբի մեջ ներգրավված են եղել ամենահայտնի լեհ գործիչները, որոնք եղել են նաև Հայաստանում»,-թվարկեց նախկին դեսպանը:  

Հարցին, թե այդ դեպքում, ըստ նրա, ի՞նչն է պատճառը, որ պատգամավորները տպավորություն են ստացել, որ իրենց լեհ գործընկերները նույնիսկ չգիտեին, որ ՀՀ-ում իշխանափոխություն է եղել, Ղազարյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունը իմ առաքելության ո՛չ բովանդակության, ո՛չ ծավալի և ո՛չ էլ ծանրաբեռնվածության վրա ոչ մի ազդեցություն չի թողել, և այդպես էլ պետք է լիներ, որովհետև դիվանագիտությունը ապաքաղաքական գործունեություն է և խնդիրը ոչ թե գործող օրվա իշխանությունների, այլ երկրի, հանրության շահերը տվյալ երկրում ներկայացնելն է: Պետք է ասեմ հայ-լեհական հարաբերությունները եղել են շատ բարձր մակարդակի վրա, չնայած առկա աշխարհաքաղաքական զարգացումների, մարտահրավերներին, որոնք իրական դժվարություն են ստեղծում»:

Էդգար Ղազարյանը հստակեցրեց, որ Ադրբեջանում Լեհաստանի նախարարի հայտարարությունը, որ պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եղել է ոչ իր դեսպանության ժամանակ, միաժամանակ պնդեց՝ դա իրենց վատ աշխատանքի հետևանք չի կարող լինել:

«Ես այդ կարծիքին չեմ, իմ առաքելության ընթացքում, ես վստահաբար ասում եմ, որ մեր բարեկամությունն էլ ավելի ամրապնդվել է և մեր տեսակետները մենք միշտ պատշաճ կերպով կարողացել ենք ներկայացնել մեր գործընկերներին: Իհարկե, աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված՝ կարող են լինել առանձին գործիչների հայտարարություններ և այլն, բայց ես կարծում եմ, որ Լեհաստանում լիարժեք տեղեկացված են հայկական կողմի մոտեցումներին և դիրքորոշումներին Արցախի հարցում: Եթե այդպիսի խնդիր են առաջ դնում, ես ուղղակի զարմացած եմ, անկեղծ ասած: Եթե քննադատությունն ուղղված է հատկապես իմ պաշտոնավարման շրջանին, ես պատրաստ եմ ցանկացած դիսկուրսի ցանկացած մարդու հետ»,-ասաց նա:

Իսկ թե ինչի՞ համար են իրենք մշտապես լեհերից փող խնդրել, ինչպես պնդում է պատվիրակության անդամ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը , Էդգար Ղազարյանը կրկին զարմացավ:

«Ես, ճիշտն ասած, հայկական գրեթե բոլոր պատվիրակությունների կազմում հանդիպումներ եմ ունեցել լեհ գործընկերների հետ իմ պաշտոնավարման շրջանում և չեմ հիշում գեթ մեկ դեպք, որ մենք ֆինանսական աջակցություն խնդրենք Լեհաստանից: Մենք խոսել ենք ներդրումային ծրագրերի մասին, մեր երկրի բիզնես գրավչության մասին, ՀՀ-ի միջոցով հատկապես ԵԱՏՄ, Իրանի հետ առևտրի զարգացումների հեռանկարների մասին՝ օգտագործելով ՀՀ-ի ազատ տնտեսական գոտիները, բայց ուղիղ ֆինասական աջակցություն չենք ուզել, Լեհաստանը այդպես դոնոր երկիր էլ չի հանդիսանում, որ մենք գումար ուզենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե գուցե որպես ԵՄ-ում մեծ դեր ունեցող երկիր են դիտարկել՝ գումար ուզելով, նախկին դեսպանը կրկնեց. «Ես չեմ հիշում որևէ դեպք, որ հայկական որևէ բարձրաստիճան պաշտոնյա իմ պաշտոնավարման շրջանում ֆինանսական աջակցություն խնդրի Լեհաստանից»:

Բաբաջանյանի այն հայտարարությունից, թե պետք է հույսներս կտրենք, որ լեհերը մեզ կաջակցեն վիզաների ազատականացման հարցում, նախկին դեսպանը կրկին զարմացավ. «Ես ուղղակի չեմ կարողանում հավատալ այդ ասածներին, տպավորություն է՝ պարոն Բաբաջանյանը ուրիշ երկիր է գնացել, ուրիշ մարդկանց հետ է հանդիպել: Իմ պաշտոնավարման շրջանում է եղել, որ Լեհաստանը վավերացրել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կնքված ՍԵՊԱ-ի համաձայնագիրը: Բոլոր հանդիպումներում, Լեհաստանի բոլոր մակարդակի ղեկավարները՝ ԱԳ նախարարությունից մինչև երկրի նախագահ ասել են, որ Լեհաստանը պատրաստ է լինել Հայաստանի դեսպանը ԵՄ-ի հետ փոխհարաբերություններում, Լեհաստանը մշտապես պատրաստ է աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ բոլոր մակարդակի շփումներում՝ այդ թվում և մուտքի արտոնագրի սահմանափակումների վավերացման հարցերում»,-ասաց նա: