Թուրքիայում վայրէջք է կատարել C-400 համակարգերի բաղադրիչներով 10-րդ ինքնաթիռը
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հայտնել է ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների բաղադրիչներով 10-րդ ինքնաթիռի ժամանման մասին, գրում է ria.ru-ն:
«C-400-ի մատակարարումը շարունակվում է նախատեսված ռեժիմով: Այդ գործընթացի շրջանակում «Մյուրթեդ» ավիաբազայում վայրէջք է կատարել տասներորդ ինքնաթիռը»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Թե որքան ինքնաթիռ է անհրաժեշտ C-400-ի տեղափոխման համար, չի հստակեցվում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ Bloomberg-ին հղումով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը կողմնորոշվել է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման կապակցությամբ Թուրքիայի դեմ պատժամիջոցային փաթեթի ընտրության հարցում, այդ մասին կհայտարարվի հուլիսի 15-ից հետո:
Վարչակազմն ընտրել է պատժամիջոցների երեք փաթեթներից մեկը, որը դեռևս պետք է արժանանա Թրամփի հավանությանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին:










