Պակիստանը վերաբացել է օդային տարածքը՝ վերջ դնելով ամիսներ տևած թռիչքային սահմանափակումներին
Պակիստանն այսօր բոլոր քաղաքացիական ինքնաթիռների համար վերաբացել է օդային տարածքը՝ վերջ դնելով ամիսներ տևած թռիչքային սահմանափակումներին, որոնք ազդել էին միջազգային հիմնական երթուղիների վրա, այդ թվում՝ Հնդկաստանից: Օդային տարածքը փակելու պատճառ էին հանդիսացել Ջամմու և Քաշմիր նահանգի տարածքային պատկանելիության շուրջ Հնդկաստանի և Պակիստանի միջև բախումները, գրում է channelnewsasia.com-ը:
«Գործադրված մեծ ջանքերի շնորհիվ Պակիստանի օդային տարածքը բաց է բոլոր տեսակի քաղաքացիական փոխադրողների համար»,- ասված է Քաղավիացիայի պետական վարչության հաղորդագրության մեջ:
Վարչության ներկայացուցիչը հաստատել է, որ Հնդկաստանի հետ սահմանի երկայնքով արևելյան օդային տարածքը վերաբացվել է:
Պակիստանն ամբողջովին փակել էր իր օդային տարածքը այն բանից հետո, երբ փետրվարին օդային մարտերն ուժեղացրել էին լարվածությունն Իսլամաբադի և Նյու Դելիի միջև: Մեկ ամիս անց երկիրը չեղարկել էր որոշ սահմանափակումներ, սակայն պահպանել էր Հնդկաստանի հետ իր արևելյան սահմանի երկայնքով սահմանափակումները:










