Չեչնիայում թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետությունում թեթևշարժիչային Ան-2 ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ արտակարգ ծառայություններին հղումով:
Միջադեպը տեղի է ունեցել Նովոշչեդրինսկայա ավանում: Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ինքնաթիռը կպել է հոսանքալարին, ինչի հետևանքով 4 գյուղ հոսանքազրկվել է:
Տուժել է օդաչուն, նրա անրակը կոտրվել է, սակայն գիտակցությունը տեղն է: Բժիշկները նրա վիճակը միջին ծանրության են գնահատում: Տան բնակիչներից 3-ի մոտ հոգեբանական շոկ է գրանցվել, նրանք հոսպիտալացվել են:
Հաղորդվում է, որ վթարի պատճառն անվտանգության կանոնների խախտումն է եղել:
Ինքնաթիռը պատկանել է Դաղստանի քաղաղաքու, որը դեպքի վայրից ոչ հեռու հողակտոր էր վարձել: Դեպքի առնչությամբ տեղի դատախազությունը ստուգումներ է իրականացնում:










