Ալավերդիի պատկերասրահի ղեկավարությունը վճռական է «Հայէկոնոմբանկի» դեմ պայքարում. Ազգային պատկերասրահի տնօրենն առաջարկում է տեղափոխվել
Ալավերդիի պատկերասրահի շենքն ամբողջովին անօրինական ձևով անցել է «Հայէկոնոմբանկին»: Մենք վճռական ենք տրամադրված, պայքարելու ենք, որպեսզի պատկերասրահի մնա իր տեղում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը:
«Ճանապարհ չենք փակելու, բայց ալաշկերտցիներով այնպես ենք անելու, որ ոչ ոք «Հայէկոնոմբանկ» մուտք չգործի: Այնպես կանենք, որ ալավերդցիներն իրենց գործարքներն ուրիշ բանկերում անեն, այ տենց՝ աթոռներին նստած թող մնան»,- նշեց Ռաֆայել Ջավախյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ալավերդիի մի խումբ մտավորականներ բողոքի ակցիա էին կազմակերպել «Հայէկոնոմբանկի» Ալավերդիի մասնաճյուղի դիմաց: Բողոքի ակցիայի առիթ էր դարձել նաև այն փաստը, որ նախօրեին ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն իր ենթականերին հրահանգել էր Ալավերդիի պատկերասրահի նկարները տեղափոխել ազգային պատկերասրահ: Ցուցարարների հավաստմամբ՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն 19 տարի շարունակ ամեն ինչ անում է Ալավերդիի պատկերասրահի շենքը յուրացնելու համար:
Ռաֆայել Ջավախյանի խոսքով՝ Hetq.am կայքի հրապարակման հիման վրա մոտ 7-8 ամիս առաջ քրեական գործ է հարուցվել. «Քրեական գործ է հարուցված և դեռ չգիտենք՝ ոնց է լինելու ավարտը»:
«19 տարի շարունակ Ալավերդու պատկերասրահի շուրջ սարսափելի անօրինականություններ են արել: Դատավորի վճիռ կա, որ կեղծ է, կադաստրի սեփականության վկայականն է կեղծ ճանապարհով ձեռք բերվել: Լրիվ ապացուցված է, որ շենքն ամբողջովին անօրինական ձևով անցել է «Հայէկոնոմբանկին»: Ալավերդիի պատկերասրահ, երաժշտական դպրոցը, սպորտդպրոցը, դրանք համարվում են Ալավերդիի կարևորագույն օբյեկտներ և ենթակա չեն օտարման, դրանք քաղաքի սեփականությունն են: Պարզ է, որ ամեն ինչ անօրինական ձևով է արվում:
Շենքը երկու մասի են բաժանել, առանձին երկու սեփականության վկայական են հանել։ Որի տարածքում մենք ենք, ոմն Դավիթ է հայտնվել, որին ես չեմ ճանաչում: Ժամանակ առ ժամանակ զանգով ասում է, որ իմ տարածքից դուրս եկեք: Մի քանի անգամ էլ տարբեր ատյաններում դատարան է դիմել, որ իմ տարածքն այսքան ժամանակ զբաղեցրել են, փող տվեք, մեծ գումար է գրում»,- ասաց Ալավերդիի պատկերասրահի տնօրենը:
Ինչ վերաբերում է ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի՝ Ալավերդիի պատկերասրահի նկարներն ազգային պատկերասրահ տեղափոխելու հրահանգին, Ռաֆայել Ջավախյանը նշեց. «Պատկերասրահի տնօրենի ասածից ես չեմ վիրավորվում, ինքը ինձ մտերիմ անձնավորություն է, լավ մարդ է: «Հայէկոնոմբանկի» ղեկավարությունն է ճնշում, այդ մարդն այլ ելք չի ունեցել»:
Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ շենքի սեփականատերը դիմել է դատարան՝ պահանջելով 9 մլն դրամ՝ բաց կորցրած եկամտի դիմաց:
«Ես ասել եմ, որ նկարները տեղափոխեն, որովհետև այդ շենքը մերը չէ: Երկար ժամանակ մեզ թույլ տրված էր այդտեղ աշխատել, հիմա սեփականատերը պարտադրում է ազատել: Մենք չենք կարող բողոքարկել, դատարանում անընդհատ կպարտվենք: Շենքը սեփականատեր ունի, այլ հարց է՝ ինչպես է դա ձեռք բերվել: Բայց այս պահին տեսնում ենք, որ դատարանում գործը պարտվելու ենք և մենք չունենք այդ 9 մլն դրամը, որ վճարենք»,- հայտնեց Արման Ծատուրյանը:
Ազգային պատկերասրահի տնօրինությունը բազմիցս դիմել է Ալավերդիի քաղաքապետարանին և Լոռու մարզպետարանին՝ առաջարկելով այլ շենք տեղափոխել պատկերասրահի Ալավերդիի մասնաճյուղը: Արման Ծատուրյանն անգամ պատրաստակամություն է հայտնել նոր շենքը վերանորոգել ազգային պատկերասրահի միջոցներով:
«Քաղաքում շատ գույք կա, որը կարող են տրամադրել քաղաքային իշխանությունը և մարզպետարանը: Վերջ ի վերջո, եթե քաղաքային և մարզային իշխանություններն ուզում են, որ իրենց մոտ լինի պատկերասրահի մասնաճյուղ, թող նեղություն տան իրենց: Ես շատ լավ տեղյակ եմ, որ տարածքներ կան, բայց չեն տրամադրում: Նույնիսկ ասել եմ, որ վերանորոգումը մենք կանենք: Քաղաքական խնդիր է՝ ուզո՞ւմ են լինի մշակութային քաղաքականություն իրենց քաղաքում, իրենց մարզում, թե՞ ոչ: Դա մարզպետը և քաղաքապետը պետք է լուծեն»,- ասաց նա:
Արման Ծատուրյանն Ալավերդիի պատկերասրահի ղեկավարության կողմից իրականացվող բողոքի գործողությունները պայմանավորում է անորոշությամբ: Նա վստահ է՝ եթե այլ շենք տրամադրվի, պատկերասրահի աշխատակիցները դեմ չեն լինի տեղափոխությանը:
Մեկնաբանության համար «Հայէկոնոմբանկի» հետ կապ հաստատել չստացվեց։










