Մենք չենք խոչընդոտի, որ մասնագետները բարձրանան Ամուլսար և հայտնաբերեն կատարված ապօրինությունները, սակայն առանց «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցների. ակտիվիստ

19:59 • 16.07.19

Այս պահին իրավիճակը Ամուլսարում հանգիստ է, պահպանվում է այն իրավիճակը, որ առկա է մեկ տարի շարունակ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ամուլսարում ակցիաների մասնակից, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:

Նրա խոսքով՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն ՀՀ քննչական կոմիտեի հետ՝ օրերս հանդիպելու ՔԿ-ում և քննարկելու ստեղծված իրավիճակը։

«Մենք կներգրավվենք հարուցված քրեական գործում, այսինքն՝ կաջակցենք մեր տեղեկություններով: Բացի այդ, հասանք նրան, որ փորձաքննությունում ներառվելու է նաև բնակչի կարծիքը, քանի որ Ամուլսարի խնդիրը ոչ միայն բնապահպանական տիրույթում է, այլև Ջերմուկ քաղաքի ու բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակին է առնչվում: Հիմա մենք պահանջելու ենք փորձաքննություն համայնքի սոցիալ-տնտեսական վիճակի հետ կապված, այսինքն՝ պետք է հասկանալ՝ տեղի բնակչությունը, տնտեսվարողները համաձա՞յն են հանքի շահագործմանը, թե՞ ոչ»,–ասաց նա:

Հարցին՝ ինչ օրակարգով է լինելու քննարկումը ՔԿ-ում, Շիրակ Բունիաթյանը պատասխանեց. «Գնանք այնտեղ, վիճակը պարզ կլինի: Մենք մի քանի ամիս առաջ ասել էինք, որ բնապահպանական ռիսկերը բարձր ենք գնահատում, բայց բնակչությունը դուրս է եկել պայքարի ոչ միայն բնապահպանական հարցերի վերաբերյալ: Ու իրենք ասացին, որ նշանակվել է համալիր փորձաքննություն՝ հանքավայրի՝ համայնքի վրա ազդեցության վերաբերյալ: Քանի որ նման փորձաքննություն չի եղել, մենք առաջ քաշեցինք այդ հարցերը, և այդ ժամանակ էլ իրավիճակը լարվեց: Հետո ամեն ինչ հանդարտվեց»:

Ինչ վերաբերում է հունիսի 13-ին Ամուլսարում ստեղծված լարված իրավիճակին, երբ ակտիվիստները խոչընդոտել էին քննիչի և փորձագետների մուտքը հանքի տարածք, Բունիաթյանը պարզաբանեց՝ իրավիճակը սրվել է այն պատճառով, որ փորձագետները Ամուլսար էին եկել «Լիդիան Արմենիա» ընկերության մեքենաներով։

«Փորձագետներին մենք չենք ճանաչում, իրենց անձի հետ կապված որևէ հարց չունենք, սակայն կարող ենք կասկածել, որ փորձագետների շփումները «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչների հետ կարող են ազդել իրենց անաչառ որոշման վրա: Դրա համար չենք ուզել, որ իրենք Լիդիանի մեքենաներով բարձրանան սար: Մենք չենք խոչընդոտի, որ իրենք բարձրանան Ամուլսար ու հայտնաբերեն կատարված ապօրինի գործողությունները»,– վստահեցրեց Շիրակ Բունիաթյանը:

Հարցին՝ այս ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներից դարձյալ փորձե՞լ են բարձրանալ սար, Շիրակ Բունիաթյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի: