Քաղաքացիներին առաջարկել ենք զբաղվել օրինական անտառհատումներով. Տավուշի մարզպետը՝ ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը փակած ցուցարարների պահանջի մասին

22:15 • 16.07.19

Այսօր առավոտից Իջևանի շուկայի մոտակայքում քաղաքացիները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և պահանջում էին տեղի իշխանությունից անտառհատումների թույլտվություն: Tert.am-ի հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց, որ ճանապարհն արդեն բաց է, իրենք հանդիպել են ցուցարարների հետ, հասկացել պահանջն ու ներկայացրել առաջարկներ:

«Այո, ճանապարհը փակվել էր, բողոքի ակցիա էր, որի կազմակերպիչները տարիներ շարունակ վառելափայտ վաճառող մարդիկ էին: Գիտեք, որ խստացվել է անտառների հատման հարցը: Մենք այլևս թույլ չենք տալիս անօրինական անտառհատումներ ու բողոքի ակցիան դրա դեմ էր: Մարդիկ պահանջում են հատուկ հսկողական կետը հանել, նրանց հիմնական պահանջը թույլ տալ, որ առանց փաստաթղթի ու անօրինական ճանապարհով փայտանյութը տեղափոխեն Տավուշից:

Մենք առաջարկում ենք օրինական ճանապարհով զբաղվել անտառհատումներով, առաջարկում ենք, որ օրինական ձևով դիմեն անտառտնտեսություններին ու ձեռքբերեն օրինական փայտանյութ: Միաժամանակ առաջարկում ենք այլ աշխատատեղեր, որ այդ մարդիկ կարողանան պահել ընտանիքները: Հասկանում ենք, որ կա սոցիալական գործոն: Աշխատանքը շինարարության ոլորտում է, աշխատավարձը սկսում է օրական 7000 դրամից»,- ասաց մարզպետը:

Հարցին՝ չե՞ք գնալու ցուցարարների պահանջին ընդառաջ, նա պատասխանեց. «Անտառը բոլորի սեփականությունն է, և ապագա պրոբլեմները ամբողջ Հայաստանի բնակչության համար են: Մենք հնարավորություն ենք տալու զբաղվել անտառհատությամբ օրինական եղանակով»:

Իսկ այն հարցին, թե ինչու չեն ուզում զբաղվել օրինական անտառհատությամբ, Հայկ Չոբանյանը պատասխանեց, որ նրանք ավելի մեծ շահույթ ունեն, բայց իրենք էլ առաջարկում են «ազնիվ աշխատանք»:

Նա չբացառեց, որ այս ամենի հետևում «կանգնած են մարդիկ, որոնք այս գործողությամբ լրացուցիչ կաշառակերությամբ են զբաղվում», ուստի իրենց քայլերն ուղված են նաև կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը: