ԵԽ երիտասարդ փորձագետները կաջակցեն իշխանություններին՝ երիտասարդական պետական քաղաքականության դաշտի կատարելագործման հարցում (տեսանյութ)
Հուլիսի 16-18-ը Հայաստանում է Եվրոպայի խորհրդի երիտասարդական քաղաքականության խորհրդատվական առաքելության փորձագիտական խումբը:
«Այցի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ իշխանություններին, ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության իրավական դաշտի կատարելագործման հարցում, մասնավորապես՝ ներկայացնելով առաջարկություններ երիտասարդության հարցերի ոլորտում Եվրոպայի խորհրդի նորմերի և ստանդարտների հիման վրա Հայաստանի ազգային երիտասարդական ռազմավարության վերանայման վերաբերյալ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍՆ Երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը:
Նրա խոսքով՝ ԵԽ փորձագիտական կազմում ընդգրկված են Երիտասարդության հարցերի Եվրոպական ղեկավար կոմիտեի, Երիտասարդության խորհրդատվական բյուրոյի, Երիտասարդական ֆորումի, ԵԽ քարտուղարության մեկական ներկայացուցիչ և եվրոպական երիտասարդական քաղաքականության պրոֆեսոր-գլխավոր զեկուցող:
Առաքելության շրջանակում հուլիսի 16-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Եվրոպայի խորհրդի փորձագիտական թիմի և ազգային երիտասարդական քաղաքականության մեջ ներգրավված շահագրգիռ կողմերի հետ:
«Բացի խորհրդատվական թիմից, այսօրվա քննարկմանը ներկա են նաև ԿԳՄՍՆ, Սոցապ նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները և այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ»,- ասաց Թորոսյանը:
Նշենք, որ վաղը նախատեսվում է այց Գյումրի, հանդիպում-քննարկումներ ՀՀ Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, Գյումրիում գործող երիտասարական կազմակերպությունների հետ: Իսկ հուլիսի 18-ին փորձագիտական խումբը այցի արդյունքները կամփոփի ԿԳՄՍՆ-ում՝ հանդիպում-քննարկմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:










