Հայտնի են ապրելու համար աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը «մատչելի» երկրների ցանկում է
Տարատեսակ վիճակագրական տվյալների մասին Numbeo հարթակը հրապարակել է բնակության համար աշխարհի ամենաթանկ ու էժան երկրների վարկանշային աղյուսակը, որը 136 երկիր է ընդգրկում: Այն կազմվել է՝ հաշվի առնելով տվյալ երկրում կացարան վարձելու միջին գները, կյանքի արժեքի և բնակչության գնողունակության ցուցիչները:
2019թ.-ի առաջին կիսամյակում բնակության համար աշխարհի ամենաթանկ վայրը Կայմանյան կղզիներն են՝ Կարիբյան ծովում: Դրանք Միացյալ Թագավորության անդրծովյան տարածք են համարվում:
Երկրորդ տեղում Բերմուդյան կղզիներն են, որոնց հետևում են Շվեյցարիան, Նորվեգիան և Ամերիկյան Վիրջինյան կղզիները:
Հայաստանը հայտնվել է ցանկի 114-րդ հորիզոնականում: Հարևան երկրներից Վրաստանը 128-րդն է, Իրանը՝ 83-րդը, Թուրքիան՝ 103-րդը, իսկ Ադրբեջանը՝ 125-րդը: Ռուսաստանը 94-րդ հորիզոնականում է:
Վարկանշային աղյուսակը եզրափակում են Թունիսը, Սիրիան, Հնդկաստանը, Աֆղանստանը և Պակիստանը:










