Ինչ խնդիրների են հանդիպում կանայք Հայաստանում. քննարկում

10:12 • 16.07.19

11:22

Ուրախ եմ, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարզերում ապրող կանանց և ոլորտային ՀԿ-ների հետ զրույցների միջոցով անմիջականորեն ծանոթանում է առկա խնդիրներին և մեր ուշադրությունն է հրավիրում դրանց.  քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

Նրա խոսքով՝ թե՛ ԱԺ-ի, թե՛ կառավարության անելիքը, մեծ հաշվով, այն է, որ Հայաստանի տարբեր անկյուններում ապրող տարբեր մարդկանց խնդիրները խորապես ճանաչեն և դրանք լուծելու, հետագայում կանխելու քաղաքականություն մշակեն:

«Ցավոք մեզանից ոմանք պատրաստ չեն այսպիսի պարզ, միաժամանակ բարդ ճանապարհին, իրական խնդիրներին առերեսվելուն, հատկապես, երբ դրանք լռեցված են կամ նույնիսկ բարձրաձայնվում են: Վերջին շրջանում մենք դիմադրության ականատես եղանք կանանց հանդեպ բռնության խնդիրների հանրային քննարկման ժամանակ: Նույնիսկ երբ կանայք թեկուզ ուշացրել են, թեկուզ անանունության պայմանով, սակայն որոշել են խոսել իրենց հետ կատարված դառը փորձությունների, բռնության մասին, մենք՝ որոշում կայացնելու պատասխանատուներս, պարզվում է միշտ չէ, որ պատրաստ ենք ականջալուր լինելու»,- նշեց նա:

Լենա Նազարյանն ընդգծեց. «Մենք այս խնդիրներն անտեսելու իրավունք այլևս չունենք, որքան էլ դրանք ցավոտ լինեն և մեր հասարակությանն անհարիր, մենք պետք է քաջություն ունենանք և առերեսվենք դրանց: Կանանց խնդիրներն առանց այն էլ տասնյակ տարիներ անտեսված են եղել, ինչի հետևանքով գուցե կուտակվել են իսկապես անհարիրության աստիճանի: Հետևաբար, շատ կարևոր է, որ մեր դիրքերից նետված հայացքով գնահատականներ տալու փոխարեն, ունկնդրենք հենց խնդիրները կրողներին՝ այս դեպքում կանանց, ճանաչենք նրանց խնդիրները, լսենք նրանց առաջարկները և իհարկե, մշակենք հասցեական քաղաքականություն»:

Նազարյանն արդյունավետ աշխատանք մաղթեց կանանց խնդիրներով զբաղվողներին:

10:12

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անցկացնում է քննարկում այն հիմնախնդիրների շուրջ, որոնց հանդիպում են կանայք Հայաստանի տարբեր բնակավայրերում։

Քննարկմանը մասնակցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ: