Ռուստամ Բադասյանի ենթական փորձում է հերքել մի բան, որը կարող են հերքել կամ հաստատել բացառապես բժիշկները. Մարինա Խաչատրյան

21:20 • 16.07.19

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր նամակներ է ուղարկել ՀՀ ՊՆ նախարարին, ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ ՌՈ պետին՝ ներկայացնելով բժշկական տեսանկյունից հիմնավոր կասկածներ, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ առկա է 30 աստիճանի սկոլիոզ:

«Հիշեցնեմ, որ այդ հիվանդության հիմքով է բանակից ազատվել Ռուստամ Բադասյանը, ում հայրը` Վլադիմիր Բադասյանը հին Հայաստանի կոռումպացված ոստիկանությունում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ` Ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ և այլն...

Իմ նամակով ես պահանջել եմ ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում, որպես մասնագետ` բժիշկ-նեյրովիրաբույժ, ընդգրկել նաև ինձ։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարել ուսումնասիրել Ռուստամ Բադասյանի առողջական վիճակը, առկա բոլոր փաստաթղթերը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։ Կարծում եմ, եթե Արդարադատության նախարարը թաքցնելու ոչինչ չունի և նրա բանակից ազատվելու հիմքերը իրական են, ապա ինքն առաջինը պետք է շահագրգռված լինի օգտվել իմ` մասնագետ-նեյրովիրաբույժի առաջարկից:

Ավաղ...

ԱԱԾ տնօրենի, Պաշտպանության նախարարի, Ռազմական Ոստիկանության պետի, կամ իրավասու այլ մարմնի փոխարեն առաջակտուր լինելով Ռուստամ Բադասյանի ենթական փորձում է հերքել մի բան, որը կարող են հերքել կամ հաստատել բացառապես բժիշկները:

Ես շարունակում եմ պնդել իմ նամակում բարձրացված պահանջը և սպասում եմ նամակիս իրական հասցեատերերի` ԱԱԾ տնօրենի, Պաշտպանության նախարարի և Ռազմական Ոստիկանության պետի պատասխանին»,- գրել է Մարինա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել էր մամուլում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում են կոռուպցիոն ռիսկեր և հայտարարել, որ Ռուստամ Բադասյանի՝ ցանկացած բժշկական հաստատությունում բժշկական հետազոտության ենթարկվելու պատրաստակամության մասին: