Թուրքիայի իշխանությունները չեն միջամտի Պոլսո Հայոց պատրիարքական ընտրություններին․ Րաֆֆի Հերմոն Արաքս
Ստամբուլահայ հասարակական-մշակութային գործիչ Րաֆֆի Հերմոն Արաքսի խոսքով՝ 10 տարի անց Կոստանդնուպոլսի համայնքը կկարողանա իր ցանկությունն իրականացնել՝ պատրիարք ընտրել: Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց՝ մինչ այդ համայնքն անօրինական ձևով զրկված էր պատրիարք ունենալու հնարավորությունից:
«Եթե համայնքն իր պարտականություններին ու իրավասություններին ավելի ծանոթ լիներ, այդ վիճակին մենք չէինք հասնի: Ինչպես ասում են նման իրավիճակներում՝ «երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»: Այս պարագայում էր, որ մի քանիսն անցած տարի նախաձեռնեցին տեղապահի ընտրություններ, և ընտրվեց Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեքչյանը: Բայց պետությունը չեղյալ համարեց այդ ընտրությունները: Հետո արդեն՝ Մեսրոպ պատրիարքի մահից հետո նորից անցկացվեցին տեղապահի ընտրություններ, և այս անգամ ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը»,- հիշատակեց նա:
Րաֆֆի Հերմոն Արաքսը նշեց, որ տեղապահի «ընդհանուր օգնական», ապօրինի կերպով իրեն կարգած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը տեղապահի ընտրություններում չհաջողեց, որովհետև անգամ նրա աջակիցները նկատել էին, որ ինքն իրեն «մաշել» է:
«Նրանք ասում էին, որ այո՛, իրենք օրինական կերպով Աթեշյանի կողքին կլինեին, սակայն նա «մաշվել է», և եթե նրան աջակցեին, իրենք կկորցնեին իրենց հետևորդներին: Արդյունքում ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը»,- ասաց նա:
Ստամբուլահայ լրագրողի խոսքով՝ հիմա, սակայն, դեռ վաղ է ուրախանալու համար․ պատրիարքի աթոռի համար Մաշալյանի ընտրվելը «չարյաց փոքրագույնը» կլինի: «Դեռ ենթադրություն է, բայց կարծում եմ, որ Մաշալյանն էլ պատրիարք կընտրվի»,- ասաց նա՝ նշելով, որ այլ հարց կարող է առաջանալ, եթե անակնկալ նոր թեկնածուներ լինեն:
Նա հիշատակեց, որ հավանական թեկնածուներից Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը չի ցանկանում մասնակցել տեղապահի ընտրություններին, իսկ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը դեռևս Թուրքիայի համայնքում միանշանակ չի ընդունվում:
«Եթե Թուրքիայի ամբողջ իշխանությունը փոխվի, հայ համայնքում էլ իրավիճակը կարող է փոխվել»,- ասաց նա՝ նշելով, որ դժվար է ասել՝ արդյոք մինչ պատրիարքական ընտրությունները Թուրքիայում քաղաքական իրավիճակ կփոխվի, թե՝ ոչ․ ամեն դեպքում չբացառեց նման զարգացումը՝ հաշվի առնելով Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տեղի ունեցողը, ամերիկյան հնարավոր պատժամիջոցները և այլն:
Թուրքիայի իշխանությունները, ըստ Րաֆֆի Հերմոն Արաքսի, չեն միջամտի Պոլսո պատրիարքական ընտրություններին: «Մեզ դուր է գալիս պատասխանատվությունն ուրիշի վրա գցելը: Թուրքիայի իշխանությունները հենց սկզբից էլ չէին ցանկանում միջամտել պատրիարքական ընտրություններին, բայց հայ համայնքի որոշ անդամներ հնարավորինս շատ ջանքեր թափեցին, որ Թուրքիայի իշխանությունները ներգրավվեն այս հարցում»,- ասաց նա:
Պատրիարքի ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, նրա խոսքով, կփորձի ամեն ինչ անել հաղթելու համար: Նա նշեց, որ հիմա դժվար էլ է կանխատեսել համայնքում եղած տրամադրությունները: Խոսելով արդեն Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության նշանակության մասին՝ նա նշեց․
«Պատրիարքարանը հիմա ոչ միայն կրոնական, այլ նաև այլ ազգային, սոցիալական, կրթական, մշակութային պարտականություններ է կատարում: Պատրիարքը համայնքի առաջնորդն է: Պոլսո Հայոց պատրիարքարանը Թուրքիայի պատմության ընթացքում այսքան ծանր իրավիճակում դեռ չէր եղել: Պատրիարքական ընտրություններից հետո գոնե այս իրավիճակից կարող է դուրս գալ: Կարող է, և թե որքան կարող է, կախված է երկրում տիրող վիճակից և փոքր-ինչ էլ ընտրված պատրիարքի կարողություններից»,- ասաց նա:










