ԱՄՆ-ում տեսագրել են` ինչպես են զբոսանքի դուրս եկած մակույկավարները ցած գահավիժում ջրվեժից՝ անտեսելով նախազգուշացումները

19:50 • 16.07.19

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում մի խումբ խիզախ մակույկավարներ որոշել են առանց ուղեկցորդի մակույկով զբոսանքի մեկնել Middle Youghiogheny գետում, սակայն անզգուշության պատճառով փորձանքի են եկել:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, անտեսելով հետ շրջվելու հրահանգով ցուցանշանները՝ թիավարներն առաջ են գնացել և հայտնվել 9 մետր բարձրությամբ ջրվեժի եզրին: Սխալ հատվածով թիավարելով՝ նրանք հասել են հոսանքի ամենավտանգավոր մասին: Անցնելով երեք նախազգուշացնող ցուցանշան՝ նրանք բախվել են չորրորդին՝ «առջևում ջրվեժ է» գրությամբ:

Մակույկի՝ ջրվեժից ցած գահավիժելու պահը տեսագրել է գետաբերանին կանգնածներից մեկը, որն այնուհետև տեսանյութը հրապարակել է սոցցանցում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ահաբեկված ուղևորները ճչում ջրվեժին մոտենալով, այնուհետև ցած գլորվում և հայտնվում ջրի մեջ՝ դուրս ցատկելով մակույկից:

Տեսագրության հեղինակը նշել է, որ նրանք 5-6 հոգի էին, և, կարծես թե, նրանց արկածը բարեհաջող ավարտ է ունեցել, նրանք դուրս են եկել մակույկից՝ սպասելով օգնության: