Իրանում լրտեսության կասկածանքով Ֆրանսիայից կին գիտնականի են ձերբակալել. լրատվամիջոցներ
Իրանական ծագում ունեցող ֆրանսիացի ակադեմիկոս-մարդաբան Ֆարիբա Ադելխային ձերբակալել են Իրանում և զրկել հյուպատոսական ծառայություններին հասանելիությունից: Այս մասին հայտնում է BBC-ն՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությանը հղումով:
«Ֆրանսիան կոչ է անում Իրանի իշխանություններին պարզաբանել Ֆարիբա Ադելխայի հետ կապված իրավիճակը և կրկնում է բոլոր պահանջները՝ մասնավորապես նրան անհապաղ հյուպատոսության հետ կապ հաստատելու հնարավորություն ընձեռելու վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Ֆարիբան կալանավորվել է դեռևս անցյալ ամիս՝ լրտեսության կասկածանքով, սակայն պաշտոնական Թեհրանը կիրակի հայտարարել է, որ «տեղեկություն չունի» հիշյալ կին գիտնականի մասին:
60-ամյա Ֆարիբա Ադելխան հայտնի մարդաբան է, Փարիզի Քաղաքական հետազոտությունների էլիտար ինստիտուտի աշխատակից։
Աղբյուրը նաև նշում է, որ վերջին տարիներին Իրանում շատ քաղաքացիներ են ձերբակալվում՝ մասնավորապես օտարերկրյա հետախուզության համար աշխատելու կասկածանքով:











