Ստամբուլում 2016թ.-ի հեղաշրջման տապալված փորձի զոհերի հիշատակին նվիրված թանգարան է բացվել. բացումը կատարել է Էրդողանը (լուսանկարներ)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է 2016թ.-ի հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի զոհերի հիշատակին նվիրված թանգարանի բացման արարողությանը, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Թանգարանը բացվել է Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի նեղուցի վրա կառուցված Հուլիսի 15-ի նահատակների կամրջի մոտ, որտեղ տեղի էր ունեցել քաղաքի բնակիչների և ապստամբների միջև դիմակայությունը:
Թանգարանի ցուցադրության տարածքը 500 քմ է, այնտեղ կցուցադրվեն զոհերի անձնական իրերը, տանկերի կողմից ջարդուփշուր եղած մեքենաները, հեղաշրջման փորձի վերաբերյալ փաստաթղթերն ու տեսանյութերը:
Թանգարանի ցուցանմուշների շարքում է այն հեռախոսը, որով Էրդողանը հեղաշրջման փորձի գիշերը դիմել էր ժողովրդին: Թանգարանի առանձին պատեր նվիրված կլինեն աշխարհի տարբեր երկրներում հեղաշրջման փորձերին և քաղաքական գաղութատիրությանը:
«Հեղաշրջման փորձի կանխարգելումը ժողովրդավարության համար մեր պայքարում առանցքային պահերից մեկն է: Ինչպե՞ս կարող ենք մոռանալ մեր հերոսներին, որոնք ոտքի ելան նրանց դեմ, ում ձեռքին զենք, տանկեր կային: Այդ գիշեր զոհված 251 մարդկանցից յուրաքանչուրն իր պատմությունն ուներ: Մեր պարտքն է պահպանել նրանց հիշատակը»,- ասել է Էրդողանը՝ թանգարանի բացման առթիվ ելույթի ժամանակ:
2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի էր ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել էին ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել էին բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («FETO»`«Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:














