Սամվել Կարապետյանի եղբորորդու դեմ հաղորդում ներկայացրած Վահե Պարազյանը քրեական անցյալ ունի

17:00 • 16.07.19

Tert.am-ի աղբյուրների փոխանցմամբ, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ իրեն վերագրվողը բանսարկություն է:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ Նարեկ Կարապետյանին և նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

ՌԴ իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Վահե Պարազյանը քրեական անցյալ ունի: Նա Ռուսաստանում դատապարտված է եղել հայ գործարարի առևանգման և խոշտանգման համար: Ընդ որում՝ գործի քննությունը դեռևս չի ավարտվել, նա վերջերս գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից, և դատարանի առաջիկա որոշման արդյունքում կրկին կարող է հայտնվել անազատության մեջ:

Սակայն, սա Պարազյանի մասնակցությամբ միակ քրեական պատմությունը չէ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրա վերաբերյալ այլ քրեական գործեր են քննվում ՌԴ իրավապահ մարմիններում:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ Պարազյանների և Կարապետյանների հակասությունը տարիների պատմություն ունի. Վահե Պարազյանի հայրը՝ Աշոտ Պարազյանը, 2016-ին աշխատել է «Տաշիր» ընկերությունում, որտեղից սկանդալային աղմուկով հեռացվել է՝ «Տաշիրի» կապալառուների հետ կոռուպցիոն սխեմայի մշակմամբ՝ խոշոր գումարի յուրացման համար։