Գնդապետ Արթուր Վանոյանի օգնությամբ ենք ստեղծել ՊՊԾ գունդը, ցավով եմ հիշում այդ տարիները. Ռոբերտ Մելքոնյան

12:49 • 17.07.19

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամներն այսօր հարգանքի տուրք մատուցեցին Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա 2016-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին։

Նրանք ծաղիկներ խոնարհեցին ՊՊԾ գնդի հուշատախտակի մոտ: Հարգանքի տուրք մատուցելու էր եկել նաև ոստիկանության գնդապետ, Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, ով ՊՊԾ գնդի գրավման օրը զոհված Արթուր Վանոյանի ծառայակիցը և ընկերն է:

«Ես ինձ Արթուր Վանոյանի հարազատն եմ համարում, որովհետև մի քանի տարի միասին աշխատել ենք, նա եղել է իմ տեղակալը: Բացի ծառայակից լինելուց, նա նաև իմ ընկերն է եղել: Եվ ես այդ տարիները ցավով եմ հիշում: Ամեն անգամ այստեղ գալիս առաջին հերթին զայրույթ եմ ապրում նման գործողությունների հանդեպ»,- ասաց նա:

Ռոբերտ Մելքոնյանը նաև նշեց, որ խոնարհվում է 2016-ի հուլիսյան դեպքերի ժամանակ իրենց ծառայողական պարտքը կատարած և զոհված ոստիկանների առջև և համբերություն ցանկացավ նրանց ընտանիքներին: