Արարատյան դաշտից 1, 5 մլրդ խ/մ տարեկան ջուր ենք տեղափոխում Ադրբեջան, 9 մ-ով իջել է գրունտային ջրերի մակարդակը․ Յ. Ջավադյան

15:17 • 17.07.19

Արարտյան դաշտին ինչո՞ւ ենք մենք այդքան մեծ քանակությամբ ջուր տալիս, որևիցե մեկին այդ հարցը հետաքրքո՞ւմ է, հատկապես ՀԿ-ները բոլորը գիտեն չէ՞, թե ինչ օրին ենք բերել Արարատյան դաշտին․ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկմանը հայտարարեց ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը։

«Արարատյան դաշտից 1 մլրդ 500 մլն խ/մ տարեկան ջուր ենք տեղափոխում Ադրբեջան, 9 մետրով իջել է գրունտային ջրերի մակարդակը և ոռոգման նորմաները բարձրացրել են։ 22 000 հա այսօր անապատացման է գնում, որովհետև ջրի ճնշումային զոնան պակասել է»,-ասաց նա:

Իր հերթին բնապահպան Կարինե Դանիելյանը տեղեկացրեց, որ 2008թ-ին կառավարությունը պատվիրել է գիտնականներին՝ պարզելու, թե ինչքան ջուր կարող են օգտագործել արտեզյան ավազաններից։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մենք օգտագործում ենք հնարավորինից մի փոքր ավելի շատ, և պետք է ոչ թե մեծացնել, այլ իջեցնել: Արդյունքում կառավարությունը ինչ է որոշել՝ թույլ  տալ ձկնաբուծարանների գործունեությունն ու եռապատիկ ջուրը օգտագործել։ Դա այն մասին է, թե ինչպես ենք վերաբերում գիտության արդյունքներին»,-ասաց Դանիելյանը։