Աղյուսագործների 2 հասցեի բնակիչները զրպարտում են, ես կոյուղին չեմ փակել. հարևանուհին հակադարձում է մեղադրողներին

20:10 • 17.07.19

Օրերս Աղյուսագործների 2 տան հասցեի բնակիչներն ահազանգել էին՝ կոյուղաջրերը լցվում են տները: Նրանք մեղադրում էին հարևանուհուն՝ Ռոստոմի 91 հասցեի տան սեփականատեր Ելենա Սողոմոնյանին, որ նա կանխամտածված փակել է իր տան տարածքով անցնող կոյուղին:

«Այս տան նախկին սեփականատերը՝ հորաքույրս,  ժամանակավոր թույլատրել էր մեկ ընտանիքի օգտվել այսօրվա մեր կոյուղուց, մինչև հնարավորություն ունենար կառուցելու իր սեփականը: Սակայն տարիներ շարունակ մեր նախազգուշացումներն այդ ընտանիքին՝ իրենց կոյուղին առանձնացնելու պահանջով, մնացել են անարձագանք: Ասեմ ավելին՝ տարիների ընթացքում մի քանի ընտանիք առանց մեր գիտության միացել են մեր կոյուղուն, այն դեպքում, որ դա նախատեսված է միայն մեկ ընտանիքի համար: Այս պատմությունից հետո ես իմացա, որ 20 չափահաս անձ և չգիտեմ քանի երեխա օգտվել է մեր կոյուղուց»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ելենա Սողոմոնյանը:

Դիտարկմանը, որ հարևանները նշել էին, թե Ելենա Սողոմոնյանը չի բացում դուռը, դիտմամբ փակել է կոյուղին և հարևաններին վախեցնում է ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներով, Սողոմոնյանը պատասխանեց, որ խցանման օրը 2 հարևան եկել են, հեռացրել են խցանման պատճառ դարձած աղյուսները, այնուհետև եկել են իրենց մասնագետները, որպեսզի խնդրին լուծում տան:

«Իրենց ասելով՝ եթե ես եմ դրել աղյուսները, որպեսզի կոյուղին փակվի, ապա ինչո՞ւ հիմա կոյուղին չի աշխատում, եթե դրանք հեռացվել են: Կամ ես չգիտե՞մ, թե ինչ գործառույթներ է կատարում ոստիկանության 6-րդ վարչությունը: Նրանք պարզապես ինձ զրպարտում են, նշում են, որ նախկին դատավոր եմ ու արտոնություններ ունեմ, բայց այսքան ժամանակ համեստորեն լռել եմ, որ չասեն ինքը դատավոր է եղել, ուրիշի հարցերին է լուծում տվել, իսկ իր կոյուղու հարցը չի կարողանում լուծել»,- ասաց Ելենա Սողոմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում