Հնդկաստանում մոտ 5,2 մլն մարդ հայտնվել է հեղեղման գոտում (լուսանկարներ)

11:25 • 17.07.19

Հնդկաստանի Ասամ հյուսիսարևելյան նահանգում ավելի քան 5,2 միլիոն մարդ հայտնվել է հեղեղման գոտում, որտեղ ավելի քան մեկ շաբաթ մուսոնային տեղատարափ անձրևները չեն դադարում, հաղորդում է տեղական NDTV հեռուստաալիքը:

Աղբյուրի տեղեկություններով՝ տարերքի հետևանքով ավելի քան 150 հազար մարդ տեղափոխվել է ժամանակավոր կացարաններ: Ջրհեղեղն ազդել է նահանգի 33 շրջաններից 30-ի վրա՝ հեղեղելով ավելի քան 4600 գյուղ: Տասնմեկ գետեր, այդ թվում՝ Հնդկաստանի խոշորագույն գետերից մեկը՝ Բրահմապուտրան, դուրս են եկել ափերից։

Ներկա դրությամբ հաստատվել է ջրհեղեղների հետևանքով 20 զոհի լուրը, բնակիչների տարհանումը շարունակվում է: Դրան մասնակցում են տարերային աղետներին արձագանքման ազգային ուժերի 15 խմբեր։ Նրանց աջակցում է բանակը, այդ թվում՝ ռազմական ավիացիան։

Կազիրանգա ազգային պարկի մեծ մասը, որտեղ ապրում են անհետացման վտանգի տակ գտնվող միեղջյուր ռնգեղջյուրներ և այլ հազվագյուտ կենդանիներ, ջրով է լցվել: Կենդանիները, այնուամենայնիվ, կարողացել են պատսպարվել հատուկ պլատֆորմներում, որոնք կառուցված են ջրհեղեղի ժամանակ նրանց անվտանգության համար:

Ասամ նահանգի ենթակառուցվածքները նույնպես լրջորեն վնասվել են: Ջրհեղեղներից վնասված կամուրջներն ու ճանապարհները բարդացնում են փրկարարական աշխատանքների իրականացումը: