Մեզ պետք է ուժեղ ձեռք Սևանի համար. վարչապետը պետք է հանձնարարի հենց այս պահից լճի ափերը մաքրեն․ Հրանտ Մադաթյան
«Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով Ազգային ժողովում այսօր հրավիրված աշխատանքային քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանը վստահություն հայտնեց, որ Սևանա լճի 500-ից 700 հա տարածքը մաքրելու միջոցառումները որևէ կերպ չեն կարող այսօր կազմակերպվել։
«Այդ անտառները, ծառերը կտրեցին, տարան, դա իրենց պետք էր, հիմա կոճղերը մնացել են ջրի մեջ, ի՞նչ ձևով են ջրից հանելու»,- դիմելով ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանին ասաց նա։
Ջավադյանը նշեց, թե հատուկ պլատֆորմներ կան, որ վերամբարձ կռունկի միջոցով հանում է կոճղը, դնում պլատֆորմին և հետո տեղափոխում։ «Արմատը հանելը շատ դյուրին է»,-ասաց նա։
Մադաթյանը հակադարձեց, թե այդ պլատֆորմները կան, բայց չեն աշխատում։ «Մենք ամեն օր էնտեղ տեսնում ենք, դրանք հսկայական գումարներով բերեցին, չեն աշխատում, հիմա էլ ֆիլտրերը, որ ասում եք կբերեն, դրանք էլ չեն աշխատելու, մեզ պետք է ուժեղ ձեռք Սևանի համար»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ հիմա ուզում են ջրի մակարդակը բարձրացնել, բայց մինչև բարձրացնելը կրկին ափերը չեն մաքրում։ «Եթե 1905 մետր պետք է բարձրացնենք, 3,5 մետր էլ ալիքի գոտին, որից հետո շինարարությունը պետք է թույլատրեն, հենց այս պահից պետք է ծրագիր կազմեն։ Պլատֆորմները աշխատում են, երբ Սևանի մակարդակն այդքան չէր բարձրացել, պլատֆորմները այդ խորության վրա չեն կարող աշխատել, ամեն օր մենք տեսնում ենք, Երևանի ասֆալտի վրայից չենք նայում։ Չի կարող մի ծառի կոճղը հանի տաս մետրից ավելի խորության վրա, բերեք չխաբենք, էդ տեխնիկան պետք է շարքից դուրս հանել, ուրիշ բան մտածել»,- ասաց նա։։
Հրանտ Մադաթյանն առաջարկեց ափերը մաքրելու համար նախատեսվող 100 մլն դրամ գումարը տալ այնտեղ ապրող մարդկանց։ «Որ իրենց հատուկ հսկողության տակ ամեն համայնք իր տարածքը կմաքրի, վառելափայտն էլ կտանի կօգտագործի»,-ասաց նա։
Ըստ նրա՝ հետևողական աշխատանք է պետք երկրի առաջին դեմքի կողմից՝ վարչապետից։ «Պետք է հանձնարարի, ձեռքը խփի սեղանին, կոնկրետ աշխատանքային ծրագիր կազմենք, եթե չենք ուզում ցածրացնենք, հինը մաքրենք, հանեք, ուրեմն այս երեք մետրը, որ պետք է բարձրացնենք, այդ տարածքները լրիվ մաքրենք, նոր բարձրացնենք։ Ես երեկ երկու ժամ լողացել եմ Սևանում, այդ ջրից էլ լողալուց անընդհատ խմում ենք, մենք սովոր ենք, միշտ էլ խմել ենք, ձուկ ենք եփել, Արարատյան դաշտը ջրում են այդ ջրով, և ժողովուրդը սնվում է, ոչ մեկ չի հիվանդացել։ Պետք չի էդ գեղեցիկ ծրագրերը բերեք, պետք չի ժամերով նստենք ու ջուր ծեծենք, Սևանին օգնել է պետք»,-եզրափակեց նա։










