Պուերտո Ռիկոյում հաղորդագրությունների արտահոսքից հետո ցուցարարները պահանջում են շրջանի ղեկավարի հրաժարականը (տեսանյութ)

11:32 • 17.07.19

Պուերտո Ռիկոյում (ԱՄՆ-ից կախում ունեցող տարածք` «չներառված կազմակերպված տարածքի» կարգավիճակով) զանգվածային ցույցեր են ընթանում, որի մասնակիցները պահանջում են նահանգապետ Ռիկարդո Ռոսելոյի հրաժարականը, գրում է tass.ru-ն:

Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ նահանգապետի՝ Telegram մեսենջերում հաղորդագրությունների արտահոսք էր տեղի ունեցել: Խոսքը մոտ 900 էջանոց տեքստային հաղորդագրությունների մասին է, որոնցում Ռոսելոն վիրավորական արտահայտություններ է արել ավելորդ քաշից տառապող կանանց, լրագրողների և անգամ երգիչ Ռիկի Մարտինի հասցեին՝ նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար:

Կղզու բնակիչները փողոց են դուրս եկել երկուշաբթի երեկոյան, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Ռոսելոյի խոսքով՝ բախումների ժամանակ 21 ոստիկան է տուժել:

Ենթադրվում է, որ արտահոսքը տեղի է ունեցել ավելի քան 10 մարդկանց հետ խմբային նամակագրությունից: Հաղորդագրությունների հանրայնացման հաջորդ օրը նամակագրության մասնակիցներից երկուսը՝ նահանգի նախարար Ռիվերա Մարտինը և նահանգապետի գլխավոր ֆինանսական խորհրդատու Քրիստիան Սոբրինոն ազատման դիմում են ներկայացրել:

Ռոսելոն, սակայն, հրաժարվել է հեռանալ պաշտոնից: «Ես հակաօրինական և կոռուպցիոն գործողություններ չեմ իրականացրել: Ես մի շարք անթույլատրելի բաներ եմ արել, որոնց համար ներողություն եմ խնդրում»,- ասել է նահանգապետը:

Պուերտո Ռիկոյի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ռոսելոյի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց չեն սկսի: