Տոկիոյում 2020թ. Օլիմպիական խաղերի ժամանակ տրանսպորտային քաոսից խուսափելու համար 600 000 մարդ տնից կաշխատի
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հաջորդ տարի Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ տրանսպորտային քաոսից խուսափելուն ուղղված փորձնական սխեմայի շրջանակում ավելի քան 600 000 մարդ տնից կաշխատի, հաղորդում է CNN-ը:
Տոկիոյում և հարակից բնակավայրերում օրական ավելի քան 20 մլն մարդ օգտվում է հասարակական տրանսպորտից, այն աշխարհի ամենախիտ բնակեցված տարածքներից է: Իշխանությունները մտավախություն ունեն, որ 2020թ.-ի Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ ավելի քան 600 000 այցելուների ժամանումը քաոսի կվերածի քաղաքի տրանսպորտի՝ արդեն իսկ ծանրաբեռնված համակարգը:
Այժմ Ճապոնիայի կառավարությունը սխեմա է մշակում այդ ամենից խուսափելու համար: Ակնկալվում է, որ սխեմայի փորձարկումներին 3000 ընկերությունների ավելի քան 600 000 աշխատող կմասնակցի, ինչը հավասար կլինի քաղաք ժամանած այցելուների թվին:
Հաղորդվում է, որ սխեման շատ ավելի փոքր մասշտաբներով փորձարկվել է 2017թ.-ին: Մտավախություն կա, որ սպորտային իրադարձության ժամանակ ակնկալվող հյուրերի թիվը կարող է աճել: Այս առնչությամբ տրանսպորտի գերբռնման խնդիրն ուսումնասիրած մասնագետներից մեկը հայտնել է, որ քաղաքի գնացքները կարող են պիկ ժամերին մինչև 200% գերբեռնվածությամբ աշխատել, սական 300% գերբեռնվածության դեպքում մետրոյի համակարգը շարքից դուրս կգա:
Հիշեցնենք, որ 2020թ.-ի Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 24-ին և կտևեն մինչև օգոստոսի 6-ը, որից հետո Տոկիոն կհյուրընկալի Պարալիմպիկ խաղերը:










