Սևանա լճի ափին 1905 մետրից ցածր գտնվող շինությունները քանդվելու են. Էրիկ Գրիգորյան (տեսանյութ)
Շաբաթ օրը ինքս կլողամ Սևանում, ես վտանգ չեմ տեսնում այդտեղ. կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Այն ցուցանիշը, որ ունենք լրացուցիչ թափանցիկության, ջրի որակի բարձրացման առումով՝ շատ էական են: Կարևոր բան նշեմ՝ տարի միայն 100 մլն խորանարդ մետր միջինից ավել գոլորշացում է եղել, 40 մլն-ով էլ քիչ տեղումներ է եղել: Այսինքն՝ 140 մլն խորանարդ մետր քիչ ջուր է լցվել, ինչը Սևանի մակարդակի 10 սմ-ն է»,- ասաց նա:
Գրիգորյանը նշեց, որ երկու հարց ունեն լուծելու՝ պետք է բարձրացվի ջրի մակարդակը և լիճ թափվող կեղտաջրերի քանակը պետք է նվազեցվի:
Նախարարն անդրադարձավ մաքրման կայանների ձեռքբերմանը: «Մենք մեր մասով ամիսներ առաջ հետազոտություններ ենք սկսել, ուսումնասիրել ենք՝ հասկանալու, թե ինչ տիպի մաքրման կայաններ են պետք: Առաջարկները վերցրել ենք և փոխանցել ենք վարչապետի աշխատակազմ: Վարչապետի աշխատակազմը հիմա կհանձնարարի Տարածքային կառավարման նախարարությանը, որպեսզի գնման նախահաշվարկի գործընթացը սկսվի, որից հետո կսկսվի մաքրման կայանների գնման գործընթացը»,- տեղեկացրեց Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է ափամերձ տարածքների մաքրմանը՝ Գրիգորյանն ասաց, որ մրցույթն այս տարվա համար արդեն հայտարարվել է. օգոստոսի 7-ին կբացվի և կտեսնենք, թե ով է հաղթել: «Հաջորդ երկու տարիների համար մաքրման էական ծավալ է նախատեսվում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե Սևանի ափամերձ հատվածում նախկին պաշտոնյաների կառուցած առանձնատները ինչու՞ չեն քանդվում, չէ՞ որ Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը կապված է նաև այդ խնդրի հետ, Գրիգորյանը մեկնաբանեց.
«1905 մետրից ցածր գտնվող բոլոր 4800 շինությունները, բացառությամբ խորհրդային միությունից մնացած որոշ պոմպակայանների, բոլորն ապօրինի են: Քանդելու հետ կապված՝ ֆինանսական ծախս կա, որը մենք հաշվարկել ենք և կառավարությանը տվել 1 քառակուսի մետրի քանդելու արժեքը: Սակայն այդ շինությունների տերերն էլ պարտավորություններ ունեն: Կոնկրետ ապօրինի շինություն կառուցողը պետք է լինի հենց քանդողը: Եթե չի քանդում, նոր պետությունը դա պետք է անի, բայց եթե կա սեփականատեր, ինչո՞ւ պետք է պետությունը ծախսի քանդման աշխատանքների գումարը»:
Գրիգորյանը տեղեկացրեց, որ այդ ապօրինի շինությունները հավաքագրված են և ներկայացված են վարչապետի աշխատակազմ:
«Բացի դրանից, հանձնաժողով ստեղծվեց այս տարի, վարձակալության ենթակա բոլոր տարածքները ուսումնասիրեց և հայտնաբերեց բազմաթիվ տարածքներ, որտեղ կամ վարձակալությունը չկար, կամ փոքր տարածք էին վարձակալել մեծն էին օգտագործում. մոտ 500 հա ափամերձ տարածքների մասին է խոսքը: Ամբողջը վերլուծվել և ներկայացվել է վարչապետի աշխատակազմ, որի կողմից էլ հանձնարարվել է կադաստր, նախարարություն, որպեսզի ամեն մեկն իր մասով գործառույթներ անի»,- ասաց նա և վստահեցրեց, որ վերը նշված նիշից ցածր բոլոր շինությունները քանդվելու են և իրենց խոչընդոտող ու կաշկանդող բան չկա:










