Կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության. վարչապետ
Իջևանում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել, ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպած ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին ու մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին, 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք: Բարեբախտաբար, ոչ շատ ծանր, նաև երկու քաղաքացի է մարմնական վնասվածք ստացել: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով երեկ Իջևանում տեղի ունեցած դեպքին:
«Ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք ուզել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը: Միանգամից ասեմ, որ կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության»,-ասաց նա:
Վարչապետը փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանին խնդրեց մանրամասներ ներկայացնել: Վերջինս նշեց, որ մոտ 500 անձանց կողմից մի քանի անգամ փակվել է ճանապարհը:
«18:00-ի շրջանակներում, չենթարկվելով ոստիկանության պահանջներին, ոստիկանությունը օրենքի շրջանակներում պատնեշ էր կազմել ու ուզում էինք բացել փողոցները, տեղի ունեցավ բախում ու քարերով, փայտերով, մահակներով վնասվածքներ պատճառեցին մեր ոստիկաններին»,-ասաց Մովսիսյանը:
Փոխոստիկանապետը նշեց, որ ութ հոգի այժմ հոսպիտալացված են ոստիկանության հոսպիտալում, նրանց վիճակը բավարար է և նրանցից 2-ը կմնան, 6-ը՝ կգնան ամբուլատոր հսկողության տակ: «Այս պահին իրավիճակը վերահսկելի է, ճանապարհները բաց են»,-ասաց նա և նշեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին, ապա Վարդան Մովսիսյանն ասաց, որ 19 հոգի է բերման ենթարկվել, որոնցից 13-ը ձերբակալվել է, իսկ մնացածը բաց են թողնվել ստորագրությամբ:
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ շուրջ 36 հոգի պետք է բերման ենթարկվեր, մյուսներն ո՞ւր են: Փոխոստիկանապետը պատասխանեց, որ գիշերն իրականացրել են օպերատիվ գործողություններ, հասցեներով խմբեր են գնացել, սակայն շատերը տեղում չեն եղել, բացակայել են բնակության վայրից:
«Հիմա աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ»,-ասաց նա և բացառեց նրանց ՝ հանրապետության տարածքը լքելու փաստը:










