Ռուսաստանի ԱԳՆ-ում չեն բացառել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը

12:21 • 18.07.19

Լուսանկարը՝ Sputnik գործակալության

Մոսկվան նախկինի պես չի հրաժարվում Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման հնարավորությունից, գրում է ria.ru-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հաղորդագրությանը:

«Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցն ինչպես առաջ, այնպես էլ ներկայում մնում է Ռուսաստանի քաղաքական ղեկավարության տեսադաշտում: Կարծում եմ՝ Թբիլիսիի՝ մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված իրական քայլերը կարող են այս հարցը երկկողմ օրակարգ վերադարձնել»,-հայտնել է նա:

Խոսելով երկու երկրների միջև ավիահաղորդակցության վերականգնման հարցի մասին՝ նա հայտնել է, որ «կցանկանար հավատալ, որ ողջամտությունը Թբիլիսիում կհաղթի»:

«Պայմանները հստակ նշված են. Վրաստանում իրավիճակի կայունացում, ռուսատյացության արշավի դադարեցում և մեր քաղաքացիների անվտանգության համար ցանկացած սպառնալիքի վերացում»,- նշել է Կարասինը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաներ էին սկսվել ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:

Թբիլիսիում բողոքի ցույցերի ֆոնին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելել է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգության նկատառումներով և գործելու է ժամանակավոր: