Որևէ անօրինական պահանջ չի կատարվել, մեր մոտեցումը միանշական էր ու անդրդվելի. Հայկ Չոբանյան
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած դեպքերին` հայտարարել է, որ իրենց հաջողվել է առանց լուրջ դժվարությունների որևէ զիջում չանել անօրինականությանը: Նա նշել է, որ մարդիկ երկար տարիներ անօրինական ճանապարհով փայտահատումներ են իրականացրել ու դրանց արդյունքում բիզնես են ստեղծել:
«Նրանց մոտ ստեղծվել էր կարծիք, որ այսօր էլ, թողտվության պայմաններում, կարող են շարունակել իրենց անօրինական բիզնեսը: Մեր մոտեցումը միանշական էր և անդրդվելի` անօրինական որևէ արարք Հայաստանի Հանրապետությունը չի կարող թույլ տալ: Ոչ մի զիջում անօրինականությանը։
Որևէ անօրինական պահանջ չի կատարվել: Մեր միակ պահանջն այն էր, որն իրականացրել ենք՝ դա համահարթեցված գնի սահմանումն է քամատապալ ծառերի համար, և ես ինքն էլ այսօր հայտարարեցի, որ վաղվանից սկսած Արծվաբերդի անտառտնտեսությունը պատրաստ է քամատապալ 1 խմ-ը 6000 դրամով տրամադրել մարդկանց: Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ընթացակարգերը կրկին պարզեցնենք:
Վաղվանից կառաջարկենք մարզի տարբեր ծրագրերում առկա աշխատատեղերի վերաբերյալ համապատասխան հարցազրույցներ և պատրաստ ենք այդ աշխատատեղերի մասով պայմանագրեր կնքել այն մարդկանց հետ, որոնք անօրինական անտառհատման արգելանքի պատճառով այսօր աշխատանքային խնդիրներ ունեն, սակայն իրենք ևս պետք է պատրաստակամ լինեն:
Այսօրվա օրը դաս էր մեզ համար: Հասկացանք, որ մենք մեր տնտեսության մեջ ավելի ուշադիր լինելու և մեր ընթացակարգերը պարզեցնելու խնդիր ունենք: Սա նաև կոռուպցիոն մեխանիզմի դեմ էր, սա պայքար էր կոռուպցիայի դեմ»,- ասել է Չոբանյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի երեկոյան բախում էր տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակած փայտի գործով զբաղվող ցուցարարների և ոստիկանների միջև: Բախումների հետևանքով մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն: Ավելի ուշ ճանապարհը բացվել էր:










