Պետությունը պետք է խստորեն ճնշի Իջևանի ցույցերը. ապօրինի անտառահատման առաջին իսկ փորձի համար պետք է սահմանվի քրեական պատասխանատվություն. Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ)
Ապօրինի անտառահատման առաջին իսկ փորձի համար պետք է սահմանվի քրեական պատասխանատվություն: Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Իջևանում տեղի ունեցող դեպքերին, նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ hուլիսի 17-ի երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարներին ոստիկանության ծառայողները փորձել են հեռացնել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչի ընթացքում ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել:
Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
«Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի զեկույցից հասկացանք, որ ապօրինի անտառահատման երկրորդ փորձն է այսօր քրեականացվում, որը շատ սխալ երևույթ է: Եթե դու ուզում ես աղետալի մասշտաբների հասնող հանցագործությունը կասեցնել, դու պետք է քրեականացնես առաջին իսկ ծառի հատումը, ինչպես դա անում են աշխարհի մի շարք երկրներ»:
Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում այս հարցը բարձիթողի վիճակում է. «Մենք նաև ականատես եղանք Իջևանի դեպքերին, որ ժողովրդավարությունը շփոթել են ամենաթողության հետ: Պետության ամենաթողության և ապակառավարման արդյունք է, որ իրավիճակը հասել է նրան, որ բախում է լինում ոստիկանների և, ըստ էության, հանցագործության մեջ մեղադրվող անձանց միջև, որոնք ծեծում են ոստիկաններին և պետությանը մարտահրավեր են նետում ու պահանջում են իրենց ապօրինությունն օրինականացնել»:
Հարցին՝ ինչու՞ ոստիկանությունը դրսևորեց փափուկ գործելաոճ, մինչդեռ ուժ կիրառելու օրենքով սահմանված լիազորություններ ունի, Մարտիրոսյանն ասաց՝ որքան վայրագ էր ու ապօրինի էր գործում նույն ոստիկանությունը նախորդ իշխանությունների ժամանակ, այնքան ոչ նախաձեռնող ու ուղղակի հրամանների սպասելով է գործում ոստիկանությունը. «Ըստ էության ինչ-որ բան փոխվել է, բայց համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել: Չեն կողմնորոշվում՝ ինչպես գործել: Հին մարդիկ են մնացել համակարգում, հատկապես ղեկավար կազմի մասին է խոսքը: Հիմա նոր պայմաններում իրենք մոտիվացիա էլ չունեն աշխատելու, որովհետև նախկին խիստ կոռումպացված իրավիճակը վերացվել է և նախկին երկաթե բռունցքով ղեկավարումը վերացվել է: Հիմա մնացել են կոչեր «ասֆալտին փռելու և պատերին ծեփելու մասին»: Կարծում եմ՝ պետությունը պետք է խստորեն ճնշի Իջևանի ցույցերը»:
Մանրամասները՝ տեսանյութում:










