Իջևանի դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, 19 քաղաքացի բերման է ենթարկվել. ոստիկանություն

10:02 • 18.07.19

Հուլիսի 17-ին երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել:

Tert.am-ը ՀՀ ոստիկանությունից հարցրեց, թե ինչ ընթացք է տրվել երեկ Իջևանում տեղի ունեցած բախումներին:

«Երեկվանից ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը գտնվում է Իջևանում: Իջևանում են նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, ոստիկանների կողմից իրավիճակը վերահսկվում է, երեկվանից ճանապարհը բաց է:

Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած գործողություններին, ապա քրեական գործ է հարուցվել, 19 քաղաքացի բերման են ենթարկվել»,-ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Նա նաև նշեց, որ այդ հատվածում միջպետական ճանապարհը շարունակում է բաց մնալ:

Հիշեցնենք, որ երեկ գիշեր Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և ոստիկանության ղեկավար անձնակազմն բանակցություններ են վարում Իջևանում ճանապարհը փակած քաղաքացիների հետ։

Որոշ ժամանակ անց նա հայտնեց, որ ոստիկանապետի բանակացություններից հետո ցուցարարները բացել են ճանապարհը: