Վրաց գործարարը խոստացել է ազատել «Ռուսթավի 2» հեռուստաալիքի՝ սկանդալի կենտրոնում հայտնված գլխավոր տնօրենին
Գործարար Կիբար Խալվաշին, որին պետք է փոխանցվեր «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաալիքը, խոստացել է պահպանել խոսքի ազատությունը հեռուստաալիքում, բայց ազատել գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Խալվաշիի խոսքով՝ ինքը մտադիր չէ փոփոխություններ անել խմբագրության քաղաքականության մեջ: «Խոսքի ազատությունն ու արտահայտումը երաշխավորված կլինի: Ես չեմ միջամտի հեռուստաընկերության լրագրողների պրոֆեսիոնալ գործունեությանը, սակայն հոգ կտանեմ պրոֆեսիոնալ զարգացման մասին և ամեն կերպ կաջակցեմ դրան»,- ասել է գործարարը:
Նրա խոսքով՝ փոփոխությունները կվերաբերեն միայն մեկ մարդու՝ ներկայիս գլխավոր տնօրեն Գվարամիային, որի փոխարեն ընկերությունը կղեկավարի գործարարի փաստաբան Պաատա Սալիան:
Վրաստանի Գերագույն դատարանը 2017-ին ուժի մեջ է թողել ընկերությունը Խալվաշիին վերադարձնելու մասին քաղաքային դատարանի որոշումը: Հայտնի է, որ վերջինս աջակցում է գործող իշխանություններին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ուղիղ եթերում հաղորդավարներից մեկը վիրավորանքներով լի ելույթ էր ունեցել՝ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի:










