«Գիշերը՝ ժամը 03:30-ին, տանն ում տեսան տղամարդկանցից՝ տարան՝ ոտաբոբիկ, տռուսիկով, առանց հագուստի, ինձ էլ հրեցին գցեցին». պատմում է Իջևանում ձերբակալվածների հարազատը
Իջևանի դեպքերից հետո ձերբակալվածների հարազատներն այսօր հավաքվել և իրենց բողոք են արտահայտում ոստիկանության գործողություններից։ Նրանցից մի կին, ցույց տալով ձեռքի կապտուկները, ասաց, որ դա ոստիկանների հետ քաշքշոցի հետևանքով է եղել:
Նա նշեց, որ գիշերը ժամը՝ 03:30-ին, ոստիկանները ներխուժել են իրենց տուն և երկու տղաներին ու ամուսնուն տարել: «Դարպասը կոտրելով, դուռը փշրելով եկան, հրեցին իմ տան մեջ գիշերվա ժամը 3:30-ին, որից հետո տղաս ձեններից իջավ, 10 հոգով բռնեցին, տռուսիկով, որի իրավունքը իրենք բացարձակ չունեին, իջեցրին գետին ... ասեցին՝ փռել ասֆալտին, բայց չասեցին՝ իրա տան մեջ անմեղ մարդկանց փռեն ասֆալտի՞ն, իրա կնոջ, մոր, երեխու ներկայությամբ այդ մարդուն ցածրացնե՞ն»,-ասաց կինը:
Նա նշեց, որ հետո ամուսնուն են բռնել, ապա մյուս որդուն: «Տանն ում տեսան տղամարդկանցից՝ տարան, ինձ էլ հրեցին գցեցին, ասեցի՝ ինձ էլ տարեք, ես էլ եմ ցուցարար, չտարան, հրեցին գցեցին, մնացածին տարան տռուսիկով, ոտաբոբիկ, առանց հագուստի»,-ասաց նա:
Կինը նաև ասաց, որ գիշերվա ժամը 04։00-ի սահմաններում ինքն գնացել է Ոստիկանություն, ցանկացել է ցուցմունք տալ, որ իրեն հարվածել են, բայց ոչ ոք դուռը չի բացել, ինչը տեսանկարահանել են: Ձերբակալվածի հարազատը նշեց, որ արդեն հաղոդում է տվել՝ տուն ներխուժելու համար:
Մեկ այլ ձերբակալվածի կինն էլ ասաց, թե բախտի բերումով պաշտոն ստանձնեցին, խորհրդարան մտան, մարդ դառան, եկել են, տեսեք՝ մեզ ինչ են անում. նման հայտարարություն արեց: «Ինչքան անգրագետներ կան, նստեցին խորհրդարանում, կարգն են պաշտպանում, հեռացե՛ք»,-վրդովվեց մեկ այլ կին:
Հարազատերը պահանջում են, որ ձերբակալվածներին ազատ արձակեն: Նրանցից մեկը հավելեց, որ երբ իրենց պահանջում են՝ աշխատատեղ ստեղծեք, որ անտառից փայտ չհանենք, իրենց պատասխանում են՝ ոչխար պահեցեք։։
«Ում ասում ես, ասում է՝ գնացեք ոչխար պահեք: Էդ իրանք ուզում են արժանապատիվ ապրեն, ես չե՞մ ուզում: Ես պիտի գնամ անտառում ու սարում ոչխար պահե՞մ: Սովորած, ավարտած, դիպլոմը ձեռիս՝ պիտի գնամ ոչխար պահե՞մ: Եթե այդքան ոչխար պահելը լավ ա, թող իրանք գան ոչխար պահեն, մենք իրանց տեղը աշխատենք»,– ասաց նա:
Հավաքվածները նշեցին, որ իրենք ընդամենն աշխատանք են ուզում կամ էլ օրինական կարգով փայտ կտրելու փաստաթուղթ:










