Արմավիրի մարզի թիվ 5 դպրոցի տնօրենի ընտրության շուրջ իրավիճակը դեռ լարված է. ծնողները պահանջում են բացառել տնօրենի ընտրություններին մարզպետի ուղղորդումը

15:35 • 19.07.19

Արմավիրի մարզի թիվ 5 հիմնական դպրոցի շուրջ ստեղծված լարված իրավիճակը շարունակվում է։ Այսօր մի քանի ծնողներ ասուլիսն էին հրավիրել՝ պահանջելով բացառել տնօրենի առաջիկա ընտրություններին մարզպետի ուղղորդումը, թեև վերջինս պնդել է, որ ինքը որևէ միջամտություն չի ունեցել ընտրությանը:

Հիշեցնենք, որ դեռևս մայիս ամսին դպրոցի աշակերտները, ծնողները և կոլեկտիվը հավաքվել էին մարզպետարանի շենքի դիմաց և պահանջում էին, որպեսզի դպրոցի տնօրենի ընտրության արդյունքները չեղյալ ճանաչվեն, և տնօրենը շարունակի մնալ Մաշա Իվանյանը, ով մայիսի 15-ին տնօրենի ընտրության ժամանակ դպրոցի կառավարման խորհրդի անդամների կողմից բավարար ձայներ չէր ստացել։

Հուլիսի 31-ին նոր մրցույթ է հայտարարվել, որի համար, բացի գործող տնօրենից, ևս երկու թեկնածուներ են հայտ ներկայացրել՝ փոխտնօրենները:

Դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Հայաստան Հակոբյանը հիշեցրեց, որ անսպասելի իրավիճակից ելնելով՝ ծնողներն անմիջապես որոշել են դասադուլ անել և երթով շարժվել են մարզպետարան, որից հետո հանդիպել են մարզպետի հետ և հասկացել, որ նա այլևս չի ուզում աշխատել Իվանյանի հետ, թեև մինչ այդ ասում էր, որ ինքն այդ հարցում որևէ գործ չունի։ Հակոբյանը նշեց, որ առաջին մրցույթին, բացի տնօրենից, այլ առաջադրում չի եղել, և մարզպետարանից ասում են՝ իբրև ստիպել են, որ չդնեն թեկնածություն։

«Բայց հիմա ո՞ւմ կարող են ստիպել: Մարդիկ տարիներով հարգել են նրա վաստակը»,-ասաց նա և նշեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունից նույն Մաշա Իվանյանը լավագույն տնօրենի անվանակարգում մրցանակ է ստացել։

«Ակնկալում էինք, որ մարզպետը պետք է ասեր՝ հարգելի՛ ծնողներ, եթե չեն ընտրել, կստեղծենք իրավիճակ, որ ազատ ընտրություններ անցկացվեն»,-ասաց Հայաստան Հակոբյանը:

Ըստ նրա, մարզպետն իրենց ասում է, որ խորհրդի վրա որևէ ուղղորդում չի եղել: «Բայց ընտրություններից առաջ հանդիպում եմ մարզպետին, իմ կողքին նստած են կառավարման խորհրդի նախագահը, մարզպետարանի իրավաբանը, դիմացս նստած է կառավարման խորհրդի մյուս անդամը: Մարզպետն ասում է՝ տիկին Իվանյանի կողմից կան չարաշահումներ և նա այլևս չի կարող պաշտոնավարել: Ի՞նչ եք կարծում, դա ուղղորդում չէ, ազդակ չէ՞ իմ կողքին նստած կառավարման խորհրդի նախագահին, որ «գիտեք՝ դուք պետք է չընտրեք նրան, որովհետև ես՝ որպես մարզպետ, հայտարարում եմ, որ այնտեղ կան չարաշահումներ» »,-ասաց Հակոբյանը և նշեց, որ դա անմեղության կանխավարկածի խախտվում է. դեռ մի բան էլ հեռուստացույցով մարզպետը Իվանյանին անվանել է կասկածյալ, մինչդեռ երբ խնդրել են ապացույցներ ներկայացնել, ասել է՝ չկան:

Ծնողական խորհրդի նախագահը նշեց, որ մարզպետի հրամանով փետրվարի 19-ին խորհրդի կազմը փոխվել է, և ունեն փաստաթղթերով հիմնավորումներ, որ նոր կազմը հաստատվել է ժամկետների խախտումով՝ առանց նախարարության ներկայացուցչի։

Ի դեպ, Հայաստան Հակոբյանը նշեց, որ 10 օր առաջ, երբ ամեն ինչ հանդարտվել էր, ինքը էլեկտրոնային նամակ է ստացել, ըստ որի՝ նրան ուզում են ենթարկել պատասխանատվության նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 200-ապատիկի չափով՝ որպես շտապ և ինքնաբուխ ցույցերի կազմակերպիչ:

«Ասեմ, որ շտապ ցույցերը կազմակերպիչ չեն ունենում, և ես չեմ եղել կազմակերպիչը, անհիմն է»,-պարզաբանեց Հակոբյանը:

Դպրոցի 5-րդ դասարանի ծնողական խորհրդի նախագահ Քնքուշ Սերոբյանը նշեց, որ երբ մարզպետարանում ցույցից մի քանի օր հետո ևս մեկ անգամ հանդիպեցին մարզպետին, կրկին բացասական պատասխանով տուն են գնացել: Ապա՝ խոսել են լրագրողի հետ, ներկայացրել խնդիրը և կարծես՝ հիմա էլ իրեն են թիրախավորում, որ մեղադրանք է ներկայացրել. «Ես մեղադրանք չեմ նշել, ի տարբերություն իրենց, ես ներկայացրել եմ՝ ինչ է կտարվում մեր մարզում, ու ուզում եմ արդար ձևով լինի ամեն ինչը»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է տնօրենը նախկինում եղել է ՀՀԿ անդամ, դրա համար են նրա դեմ լարված, Քնքուշ Սերոբյանն ասաց, որ նույն հարցը իրենք են մարզպետին տվել, ով պատասխանել է, որ իհարկե ոչ, քանի որ նույն տրամաբանությամբ մարզպետարանում 90 տոկոսը ՀՀԿ-ականներ են և եթե այդպես լինի, նրանց բոլորին էլ պետք է հեռացնեն աշխատանքից:

Դպրոցի մեկ այլ աշակերտի ծնող Նորայր Մինասյանն իր հերթին ասաց, որ անձամբ չի ճանաչում Իվանյանին, բայց ասուլիսին եկել է, քանի որ հարգանք ունի տվյալ տնօրենի նկատմամբ:

Ի դեպ, ծնողական խորհրդի նախագահ Հայաստան Հակոբյանը դիմում-բողոքներ է ուղարկել նաև հանրապետության վարչապետին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին և խնդրել, որ դադարեցրեն դպրոցի կառավարման խորհրդի լիազորությունները և հետևեն, որ ոչ մի ուղղորդում չլինի: