ԱՄՆ-ում Լուսնի վրա վայրէջքի 50-ամյակին նվիրված աճուրդից ավելի քան 900 000 դոլար է գոյացել

10:55 • 19.07.19

Նյու Յորքում Christie's աճուրդի տունը մարդու՝ Լուսնի վրա վայրէջք կատարելու 50-րդ տարեդարձին նվիրված աճուրդ է կազմակերպել, որի ժամանակ փաստաթղթեր, «Ապոլլոն 11» տիեզերանավից քարտեզներ, տիեզերագնացների լուսանկարներ և այլ իրեր են վաճառվել: Վաճառքից ստացված ընդհանուր գումարը 907 000 դոլար է կազմել:

Աճուրդի ժամանակ ընդհանուր առմամբ 195 նմուշ է ներկայացվել, բացի այդ՝ կազմակերպիչները ներկայացրել են նաև իրեր այլ առաքելություններից, օրինակ՝ «Ապոլլոն 10»-ի դրոշը, «Ապոլլոն 14» առաքելության ժամանակ տեսախցիկից լուսնային փոշին մաքրելու խոզանակը և այլն:

Նշվում է, որ աճուդի արդյունքները չեն արդարացրել սպասելիքները. որոշ իրեր վաճառվել են նախնական գնից ավելի քիչ գումարով: Միևնույն ժամանակ «Հանդարտության բազա» մակագրությամբ լուսանկարը, որում պատկերված է տիեզերագնաց Բազ Օլդրինը՝ Լուսնի մակերևույթին, վաճառվել է ակնկալվող գնից մոտ 3 անգամ ավելի բարձր գնով՝ 32 500 դոլարով: Լուսանկարն արվել է Լուսնի մակերևույթին ոտք դնելուց անմիջապես հետո:

ԱՄՆ-ում ամբողջ շաբաթ Լուսնի վրա վայրէջքի 50-ամյակին նվիրված միջոցառումներ են սպասվում: