ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Գաճաճ մականունով թմրաբարոնը ծրագրվող փախուստի հայտնի դառնալուց հետո առավելագույն հսկողության բանտ է տեղափոխվել
Մեքսիկացի նարկոբարոն, Գաճաճ մականունով հայտնի Խոակին Գուսման Լոերան (Էլ Չապո), որն օրերս ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման է դատապարտվել, շտապ առավելագույն հսկողության բանտ է տեղափոխվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել նրա հերթական փախուստի ծրագրի մասին, գրում է Daily Mail-ը:
Գուսմանի գործով դատավճիռը հրապարակվել էր օրերս՝ ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Բրուքլին շրջանի դատարանի կողմից: Նա փետրվարին 3 ամիս տևած դատավարությունից հետո մեղավոր էր ճանաչվել 25 տարի շարունակ հարյուրավոր տոննաների կոկաին, հերոին և մետամֆետամին տեսակի թմրամիջոցներ ու մարիխուանա ԱՄՆ մատակարարելու համար:
Հայտնի է, որ սովորաբար դատապարտյալի պատժի կրման վայրը որոշվում է դատավճռի հրապարակումից որոշ ժամանակ անց: Գուսմանի դեպքում դատարանը որոշել էր նրան պահել Նյու Յորքի Մանհեթեն շրջանի դաշնային բանտում՝ դատապաշտպաններին բողոքարկելու համար 2 ամիս ժամանակ տրամադրելով, սակայն շուտով հայտնի է դարձել, որ նախկին թմրաբարոնը «հնարավորինս շուտ» փախուստի դիմելու ծրագիր է մշակում, ինչից հետո նա շտապ Կոլորադո նահանգի Ֆլորենս քաղաքի բանտ է տեղափոխվել:
Վաթսուներկուամյա մեքսիկացին հայտնի է բանտերից իր ճարպիկ փախուստներով. 2015թ.-ին նա Մեքսիկայի բանտերից մեկում, որտեղ պահվում էր, խցի լոգարանի տակ փորված 1,6 կիլոմետրանոց թունելով փախուստի էր դիմել:
Առավելագույն հսկողության բանտերն ամենաապահով և ուժեղացված հսկողությամբ բանտերն են, որտեղ պահում են ամենավտանգավոր հանցագործներին՝ նրանց, ովքեր լուրջ սպառնալիք են ներկայացնում ազգային կամ գլոբալ անվտանգությանը:










