Սիսիանում բնակիչը մահացել է գոմի դռանն ամրացված նռնակի պայթյունից
Սիսիանում քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։
«Սիսիանում պայթյուն է եղել։ Կա մեկ զոհ։ Քիչ առաջ եղա դեպքի վայրում։ Իրավապահներն աշխատում են»,– գրել է պատգամավորը։
Սրբուհի Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ պայթյունը տեղի է ունեցել Սիսիան քաղաքի տներից մեկի դիմաց գտնվող գոմում․դուռն է պայթել:
«Ըստ շատ նախնական տվյալների՝ գոմի դռանը պայթուցիկ է կախված եղել»,- ասաց նա:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 07:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 07:05-ի սահմաններում Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Վ. Հ.-ն (ծնված 1945թ.) տեղում մահացել է:
Ոստիկանությունից Tert.am–ին տեղեակցրին, որ հուլիսի 19-ին՝ ժամը 6:45-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ պայթյունի ձայն է լսվել Սիսիան քաղաքի Կամոյի փողոցում։ Մեկնել է օպերատիվ խումբը, պարզել է, որ 6:30-ի սահմաններում տնից դեպի փողոց տանող գոմի մետաղյա դուռը բացելու պահին պայթել է մետաղյա դռնակներին ամրացված նռնակի պայթուցիչը, որի հետևանքով պայթյունից առաջացած վնասվածներքից տղամարդը մահացել է:
Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:










