Ֆրանսիացի օդերևութաբանները գրանցել են երկրի ողջ պատմության մեջ ամենաշոգ ջերմաստիճանը
Ֆրանսիացի օդերևութաբանները գրանցել են երկրի տարածքում երբևէ արձանագրված ամենաբարձր ջերմաստիճանը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, Էրո վարչական շրջանի քաղաքներից մեկում ջերմաստիճանի սանդղակը 46 աստիճան է ցույց տվել՝ ըստ Ցելսիուսի:
Բացի այդ, ավելի վաղ օդերևութաբանները հաղորդել էին 45.9 աստիճան ռեկորդային ջերմաստիճանի մասին, որը գրանցվել էր Գար վարչական շրջանում: Վերջին անգամ նման շոգ գրանցվել էր 2003-ի օգոստոսի 12-ին Ֆրանսիայի հարավային շրջաններում:
Ինչպես օդերևութաբանները նշում են, Ֆրանսիան վեցերորդ տեղն է զբաղեցնում երկրների ցանկում, որոնցում ռեկորդային ջերմաստիճաններ են գրանցվել՝ Հունաստանից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Իտալիայից, Բոսնիա և Հերցեգովինայից հետո: Այս երկրներում 46.2-48 աստիճան տաքություն է գրանցվել՝ ըստ Ցելսիուսի:
Անոմալ շոգ ջերմաստիճան հունիսի վեջին գրանցվել է բազմաթիվ եվրոպական երկրներում: Ինչպես հայտնել են Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունից, վերջին 5 տարիները (2015-2019) դարձել են ուսումնասիրությունների պատմության մեջ ամենաշոգը:










