Քաբուլի համալսարանի մոտ ռումբ է պայթել, կան զոհեր և վիրավորներ (լուսանկարներ)

13:33 • 19.07.19

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի համալսարանի դարպասների մոտ ռումբ է պայթել, ինչի հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 27-ը տուժել են, գրում է Reuters գործակալությունը:

Պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Հայտնի չէ՝ արդյոք այն իրականացվել է մահապարտի կողմից, թե հեռակառավարվող մեխանիզմի միջոցով:

Համալսարանի տարածքում մի քանի հոսթել է գործում, որտեղ շատ ուսանողներ են բնակվում ամռան ընթացքում: Պայթյունի պահին համալսարանում մի խումբ իրավաբաններ դատավոր դառնալու համար քննություն հանձնելիս են եղել: Հայտնի չէ՝ արդյոք նրանք են եղել պայթյունի թիրախը:

Ներկա պահին պայթյունի համար դեռ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել, սակայն հայտնի է, որ քաղաքում ահաբեկչական պայթյունների հիմնական հեղինակները «Թալիբան» և «Իսլամական պետություն» խմբավորումներն են, որոնք թիրախավորում են Աֆղանստանի ուժային կառույցներին, կառավարության պաշտոնյաներին և իսլամի շիա ուղղության ներկայացուցիչ փոքրամասնություններին: