Յակուտիայում ձյան առաջին տեղումներն են գրանցվել
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ ընդգրկված Յակուտիայի Հանրապետությունում ցերեկային ժամերին ձյուն է տեղացել, որից հետո օդի ջերմաստիճանը բարձրացել է՝ հասնելով 9 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տեղի վարչակազմի փոխղեկավար Եկատերինա Վինոկուրովան:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ այս օրերին Օմյակոնի շրջանում, որտեղ տեղումներ են գրանցվել, քամու ուժգնությունը տեղ-տեղ հասնում է 9-14 մետր/վայրկյանի, օդի ջերմաստիճանը՝ 4-9 աստիճան տաքություն:
Օմյակոնի շրջանի Տոմտոր գյուղում, որը հայտնի է որպես Ցրտի բևեռ, բնակչությունը Յակուտիայում բոլորից շուտ է զգացել ցուրտը և պատմել են առաջին ձյան մասին:
«Գիշերը լեռներում առատ ձյուն է տեղացել: Հուլիսին ձյան տեղումները մեզ համար սովորական երևույթ են: Ժամանակին նման բան լինում էր նաև հունիսին: Ներկա պահին զբոսաշրջիկների թիվը մեծ չէ»,- ասել է Վինոկուրովան:










