Զարեհ Սինանյանը Մոսկվայում մի շարք հանդիպումների է մասնակցել
Հուլիսի 19-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ:
Հանդիպմանը ներկա է եղել գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Հանդես գալով առանձին ելույթով` նա նշել է, որ արժևորում է իրենց կառույցի անդամների և Գլխավոր հանձնակատարի հանդիպումը:
Զարեհ Սինանյանը ողջունել է խորհրդի անդամներին և բարձր գնահատել հայոց բանականշինության մեջ գեներալ-լեյտենանտի կարևոր ներդրումը: Խորհրդի անդամները նշել են, որ ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն ստեղծվել է 2013-ին, ներառում է 15 տարբեր կազմակերպություններ: Անդամները մանրամասն ներկայացրել են իրենց գործունեությունը, խոսել են այն խնդիրների մասին, որոնք ծառացել են Ռուսաստանում հայկական կազմակերպությունների առջև և հանդես են եկել կոնկրետ առաջարկություններով:
Հայկական կազմակերպությունների ղեկավարները պատրաստակամություն է հայտնել ջանք ու գիտելիք չխնայել հանուն Հայաստանի։ Իր հերթին, Զարեհ Սինանյանը կարևորել է խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները` ուղղված ռուսաստանաբնակ հայերի և Հայաստանի միջև կապի ամրապնդմանը:
Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպել է նաև «Լսարան» նախագծի հիմնադրի և նախաձեռնող խմբի անդամների հետ: Նրանք ներկայացրել են կրթամշակութային «Լսարան» համաժողովը, որն այս տարի սեպտեմբերին արդեն 5-րդ անգամ է անցկացվելու, և հրավիրել են նաև Զարեհ Սինանյանին:










