Վենետիկի հանձնաժողովին ու ՄԻԵԴ-ին դիմելը ճիշտ որոշում էր. վերջիններիս որոշումները գուցե հանրության շրջանում բարձրացնեն մեր դատական համակարգի վարկանիշը. Ալումյան
Լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն անդրադարձավ ՍԴ դատարանի կողմից Քոչարյանի գործով Վենետիկի հանձնաժողովին ու ՄԻԵԴ-ին դիմելու հարցին: Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ին դիմելը նոր ընթացակարգ է:
«Եվրոպական դատարանի առաջ խնդիր չի դրվում՝ արդյոք ինչ-որ մեկին պետք է կալանավորել կամ Սահմանադրության տեսանկյունից անձն անձեռնմխելի է, թե ոչ: Խնդիրն այն է, որ ՄԻԵԴ-ը մեկնաբանի Եվրոպական կոնվենցիայի դրույթները, որոնք պետք է կիրառվեն այդ գործում: ՄԻԵԴ-ի կողմից կայացվելիք ակտը խորհրդատվական բնույթ է կրելու, չի պարտադրվելու ՍԴ-ին, սակայն այն շատ հեղինակավոր կարծիք է: Ես չեմ պատկերացնում, որ ՄԻԵԴ-ի կարծիքն այդ հարցի շուրջ չբավարարի որևիցե մեկին՝ լինի ՍԴ կամ իշխանական այլ ճյուղերը»:
Ալումյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովին դիմելու նպատակը դարձյալ խորհրդատվական բնույթի կարծիք ստանալն է.«Ես կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր, քանի որ հետևողականորեն հեղինակազրկում են մեր դատական համակարգն ու դատարանների որոշումները: Եթե դատարանների նկատմամբ բացասական վերաբերմունք է ձևավորվում, ապա դատական համակարգի կողմից կայացված դատական ակտերը հասարակության համար հեղինավոր չեն կարող լինել:
Կարծում եմ ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին դիմելը գուցե ապագայում մեր դատական համակարգի կայացրած որոշումները գոնե մեր հանրության մոտ կդարձնի ավելի հեղինակավոր»:










