Սիբիրում անցկացվող «ոչխարով կքանիստերի» ամենամյա մրցույթում վերջին 1000 տարվա մեջ առաջին անգամ օտարերկրացի է հաղթել (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Սիբիրի երկրամասում «ոչխարով կքանիստերի» ամենամյա մրցույթում վերջին 1000 տարվա ընթացքում առաջին անգամ օտարերկրացի է հաղթել, գրում է Daily Mail պարբերականը:
Շվեյցարացի հնագետ Ջինո Կասպարին, որը Սիբիրում է հնագիտական պեղումների ծրագրի շրջանակներում, որոշել է ուժերը փորձել մրցույթում և, ի զարմանս շատերի, հաղթող է ճանաչվել:
Մրցույթի ժամանակ մասնակիցները պետք է կենդանի ոչխարն ուսերին կքանիստեր կատարեն: Երեսուներկուամյա Ջինոյին հաջողվել է 104 կքանիստ կատարել՝ գերազանցելով մրցույթի մյուս մասնակիցներին:
Հայտնի է, որ մրցույթին 30 մարդ է մասնակցել, իսկ ոչխարի քաշը 50 կգ է եղել: Որպես մրցանակ՝ Ջինոն հավաստագիր է ստացել, նրան թույլատրվել է կենդանուն տուն տանել:
Թրևոր Ոուլիսը, որը ճամփորդում է Ջինոյի հետ և տեսագրում նրա աշխատանքները, նույնպես մասնակցել է մրցույթին և զբաղեցրել 2-րդ տեղը:
«Ես նույնպես ուժերս փորձեցի: Ամենադժվար մասն այն էր, որ ոչխարը շարունակ լիզում էր ականջս: Ես երկրորդ տեղը զբաղեցրի և մեկ շիշ եղջերուի արյուն շահեցի՝ խոտաբույսերով համեմված: Ասում են՝ այն լավ է առողջության համար»,- պատմել է Թրևորը:















