Sukhoi Superjet 100 ինքնաթիռի ապակին ճաքել է թռիչքի ժամանակ
Ռուսական «Յակուտիա» ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռի օդաչուի խցիկի պատուհաններից մեկի ապակին ճաքել է թռիչքի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, օդանավը չարտերային թռիչք էր իրականացնում հարավկորեական Յանյան քաղաքից դեպի Վլադիվոստոկ, սակայն անհայտ պատճառով օդում գտնվելիս SSJ-100-ի դիմապակու վերին հատվածում ճաք է հայտնվել:
Նշվում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Վլադիվոստոկում: Ինքնաթիռով 69 ուղևոր են երթևեկելիս եղել, որոնց թվում՝ մեկ երեխա է եղել, ինչպես նաև անձնակազմի 7 անդամ: Ոչ ոք չի տուժել:
Հիշեցնենք, որ SSJ-100 մակնիշի օդանավի մասնակցությամբ խոշոր ավիավթար էր տեղի ունեցել մայիսին «Շերեմետևո» օդանավակայանում: Ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել օդ բարձրանալուց րոպեներ անց՝ կայծակի հարվածի պատճառով, սակայն վայրէջքի պահին բռնկվել էր, ինչի հետևանքով 41 մարդ էր զոհվել:










