Իրանում 17 մարդ է ձերբակալվել ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեղադրանքով. նրանցից ոմանց մահապատիժ է սպառնում

16:18 • 22.07.19

Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությունը հայտնել է 17 մարդու ձերբակալման մասին, որոնք մեղադրվում են Միացյալ Նահանգների օգտին լրտեսության համար, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Նշվում է, որ այդ մարդկանց ձերբակալել են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) համար աշխատելու մեղադրանքով։ Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ բանտարկյալներից մի քանիսին դատապարտել են մահապատժի:

ԱՄՆ-ի ու Իրանի՝ առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի են սրվել հունիսի 13-ին Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո: Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի նկատմամբ իրագործված հարձակման համար մեղադրում է Իրանին, որը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները: Այդ միջադեպից մեկ շաբաթ անց Իրանը հայտարարել էր իր օդային տարածքում ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարք կործանելու մասին: