«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը Հանքագործի և մետաղագործի օրը նշեց մի շարք տոնական միջոցառումներով

18:36 • 22.07.19

Ամեն տարվա հուլիսի 3-րդ կիրակի օրը հանքարդյունաբերությամբ զբաղվող «Գեոպրոմայնինգ» ընկերությունը նշում է հանքագործի և մետաղագործի մասնագիտական տոնը: Այս տարի հուլիսի 19-ին և 20-ին  միջոցառումները կազմակերպվել էին այն քաղաքներում, որտեղ ընկերությունն իրականացնում է իր գործունեությունը: Տոնի մեկնարկը տրվեց Արարատ քաղաքում, որտեղ տոնական տրամադրությունը համակել էր հարյուրավոր մարդկանց, անկախ տարիքից և գործունեության ոլորտից:

Հուլիսի 19-ին Արարատում տեղի ունեցած տոնական միջոցառման շրջանակում ընկերության լավագույն աշխատողներին և աշխատանքի վետերաններին շնորհակալական պատվոգրեր և դրամական խրախուսումներ հանձնվեցին: Ընկերության լավագույն աշխատակիցները պարգևատրվեցին Հանքագործի և մետաղագործի միության շքանշաններով:

«Շատ երկրներում, հարյուր հազարավոր, գուցե նույնիսկ միլիոնավոր մարդիկ նշում են այս տոնը: Ես չգիտեմ մի արդյունաբերական ճյուղ, որտեղ չօգտագործվի մետաղագործի արտադրանքը: Պատահական չէ, որ ասում են՝ արդյունաբերության հացը մետաղագործությունն է: Դա հենց այդպես է, և  ոչինչ չի փոխվել արդեն հարյուր տարի: Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն աշխատանքի տարիներին Հանքագործի և մետաղագործի օրը հազարավոր մարդկանց համար դարձրել է մեծ ժողովրդականություն վայելող տոն, նրանց համար, ովքեր հավատարիմ են իրենց մասնագիտությանը և այդ ոչ հեշտ գործին, ովքեր հարգում ու կերտում են նոր ավանդույթներ, կերտում են իրենց և երկրի ապագան: Մենք ամեն տարի գրանցում ենք մեծ և լուրջ արդյունքներ և հպարտ ենք, որ ունենք այսպիսի կոլեկտիվ: Շնորհավորում ենք ձեր տոնը, հարգելի՛ գործընկերներ և բարեկամներ: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ և՛ տանը, և՛ աշխատանքում»,- ասաց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլինը։

Արարատում տեղի ունեցած միջոցառմանի շրջանակում կայացավ «Ընդերքի լեզուն հասկացողները» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված օրվա հերոսներին՝ հանքագործներին և մետաղագործներին: Ներկաներին նաև ներկայացվեց ռեպորտաժ-հաշվետվություն վերջին հինգ տարիների ընթացքում ընկերության կողմից Հայաստանում իրականացված սոցիալական ծրագրերի վերաբերյալ։

Ինչպես իրենց ելույթներում նշեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության շնորհիվ Հայաստանում սոցիալական ոլորտում կյանքի են կոչվում ծրագրեր, որոնք իրենց հետքն են թողնում կյանքի որակի բարելավման վրա:

«Մեր համագործակցությունը «ԳեոՊրոՄայնինգի» հետ հաջող ընթացք ունի: Մարզպետ նշանակվելուց հետ հանդիպելով մեր գործընկերներին, քննարկել ենք առկա իրավիճակը և հետագա անելիքները: Ակտիվացրել ենք համագործակցությունը սոցիալական աջակցության  ոլորտում: Մենք արդեն սկսել ենք կառուցել Վարդենիսի երեք դպրոցի ջեռուցման համակարգեր, որից հետո հիշյալ հաստատությունները կջեռուցվեն գազով: Սա շատ կարևոր ծրագիր է Վարդենիս քաղաքի համար, քանի որ մինչ այժմ այդ դպրոցները ջեռուցվել են նավթով: Համագործակցությունը լինելու է շարունակական»,– ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարվա ընթացքում կազմել են 8.5 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանում աշխատանքի 12 տարվա ընթացքում ընկերության ներդրումները գերազանցել են 505 մլն ԱՄՆ դոլարը:

Սոցիալական ոլորտում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներդրումը կարևորեց նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ «Մենք ունենք աշխատանքով զբաղված քաղաքացիներ, որոնք բարձր վարձատրվում են: Դրանով սոցիալական մեծ խնդիր է լուծվում Արարատ մարզի համար: «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության կողմից սոցիալական ծրագրեր են իրականացվում, դա կլինի ճանապարհաշինություն, մանկապարտեզի վերանորոգում կամ դպրոցի ջեռուցման ապահովում»,– ասաց նա:

Հաջորդ օրը՝ հուլիսի 20-ին, Վարդենիսի  կենտրոնական պուրակում տեղի ունեցած միջոցառումը նույնպես ուղեկցվեց խրախուսման արարողությամբ, ընկերության աշխատակիցներն արժանացան դրամական պարգևների, կոչումների և շքանշանների:

Ինչպես հայտարարվեց միջոցառման ժամանակ, Սոթքի հանքավայրի և Արարատի ոսկու կորզման գործարանի ֆուտբոլային թիմերի՝ օրերս կայացած հանդիպումն ավարտվել է վարդենիսցիների հաղթանակով: «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության փոխտնօրենը, շնորհավորելով թիմին, հայտարարեց, որ իրենք կդառնան Վարդենիսի ֆուտբոլի հավաքականի գլխավոր հովանավորը, և դա հնարավորություն կտա թիմին՝ մասնակցելու այս տարի Արցախում կայանալիք համահայկական խաղերին:

«Ուզում եմ ողջունել բոլորին: Երախտագիտությունս եմ հայտնում «ԳեոՊրոՄայնինգ»  ընկերությանը՝ համահայկական օլիմպիական խաղերում մեր թիմին հովանավորելու և այն ամենի համար, ինչ դուք անում ենք Վարդենիսի համար: Ութ ամիս է, ինչ պաշտոնավարում եմ ու ամեն քայլափոխին զգում եմ քաղաքի նկատմամբ ձեր ուշադրությունն ու աջակցությունը»,- ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը:

Մինչև ուշ գիշեր Էստրադայի, հեռուստաշոուների հանրահայտ աստղերի, տեղի շնորհալի սաների մասնակցությամբ կայացած համերգը և՛ Արարատում և՛ Վարդենիսում ներկաներին պարգևեց նոր լիցքեր՝ հնարավորություն տալով կտրվել առօրյա հոգսերից և վայելել սիրելի աստղերի կենդանի կատարումը: Շքեղ հրավառությունն ու բարձր երաժշտությունն անմոռաց դարձրին Հանքագործի և մետաղագործի օրը։