Երբ տեսնենք տրանսպորտային ծառայությունը լավ է մատուցվում, մեր արժանապատվությունը չի վիրավորվում, պատրաստ կլինենք վճարել ավելին. Վահագն Խաչատրյանը՝ տրանսպորտի սակագնի մասին
Բոլորս էլ՝ այդ թվում քաղաքային իշխանությունները, լավ գիտենք, որ Երևանի տրանսպորտի գինը չի կարող մեկ, երկու եվրո լինել. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
«Համոզված եմ՝ իրենք այդ հարցը շատ լավ պատկերացնում են, և դրա լուծումը կգտնեն: Բացի այդ, մի ուրիշ խնդիր էլ կա. հասարակական տրանսպորտի խնդիրն աշխարհում լուծվում է տարբեր մեթոդներով՝ սոցիալական անապահով խավերի կամ առանձին խմբի մարդկանց համար տարբեր գներ են սահմանված: Օրինակ, ուսանողության, կենսաթոշակառուների, պետական չինովնիկների համար տարբեր գներ են: Տարբերակման արդյունքում, ես կարծում եմ, մեզ մոտ էլ կգտնեն այն ձևը, որտեղ մենք չենք տուժի»,- ասաց նա:
Խաչատրյանն ասաց, որ ևս մի խնդիր էլ կա. «Մենք՝ որպես քաղաքացիներ, երբ տեսնում ենք, որ մի ծառայություն սկսվում է լավ մատուցվել, մեր արժանապատվությունը չի վիրավորվում, մենք պատրաստ ենք լինում դրա համար մի քիչ ավել վճարել: Երբ կտեսնենք, որ տրանսպորտի վիճակն իսկապես լավ է, որ ամռանն այդ մեքենայի մեջ շոգ չի, ձմեռն էլ սառը չի, եթե մեզ ասեն 100 դրամի փոխարեն ավել պետք է վճարել, մենք բոլորս դա կանենք»,- ասաց նա և հավելեց.
«Հիմա եթե անհրաժեշտություն կլինի սակագինը բարձրացնելու նոր տրանսպորտի սխեմայի դեպքում, որակը եթե բարձրանա, պատրաստ կլինենք: Հիմա գիտե՞ք ինչ՝ 100 դրամով ու այս տիպի տրանսպորտով առաջ չենք գնա: Ինձ՝ որպես քաղաքացի, հարկավոր է նորմալ տրանսպորտային միջոց և տրանսպորտային տեղափոխում»:
Նրա խոսքով՝ հիմա ոչ ոք չի կարող պատկերացնել, թե որքան է դառնալու տրանսպորտի գինը, նույնիսկ՝ քաղաքապետ Հայկ Մարությանը. «Ի վերջո, տարբեր լծակներ ու միջոցներ կան այդ 100 դրամը պահելու: Իսկապես 100 դրամն ինքնանպատակ է դարձել, պետք է մեր կյանքի որակը, աշխատավարձերը, կենսաթոշակները բարձրանան, խնդիրը սրանում է»:










