Վրաստանի խորհրդարանի մոտ անցկացվող բողոքի ակցիաներն այսօրվանից կշարունակվեն այլ ձևաչափով. կազմակերպիչներ
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում`Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, երկրի ներքին գործերի նախարարի հրաժարականի պահանջով անցկացվող բողոքի ակցիաները կշարունակվեն այլ ձևաչափով, այս մասին հաղորդում է apsny.ge-ն:
Ակցիայի կազմակերպիչների խոսքերով՝ իրենք հանրությանն առցանց հաղորդումներ կներկայացնեն խորհրդարանին հարող տարածքից:
Երեկ՝ ցույցերի 32-րդ օրը, ելույթներին զուգահեռ, կազմակերպվել էր փողոցային վաճառք, որտեղ շուրջ 40 ստարտափեր վաճառքի էր ներկայացրել սեփական արտադրանքը:
Կազմակերպիչների համաձայն՝ ձեռք բերված գումարի մեծ մասը կտրամադրվի ակցիայի կազմակերպմանը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթից հետո ընդդիմությունն ու քաղաքացիները զանգվածային բողոքի ցույցեր սկսեցին խորհրդարանի շենքի առաջ, որոնք վերածվեցին ոստիկանության հետ բախումների:
Բախումների հետևանքով 240 մարդ էր տուժել, 305-ը՝ ձերբակալվել: Վրացի քաղաքացիների զայրույթը հարուցել էր այն հանգամանքը, որ Գավրիլովը ելույթ էր ունեցել երկրի խորհրդարանի խոսնակի աթոռից:
Միջադեպից հետո բռնկված բողոքի ալիքին զուգահեռ քաղաքացիները պահանջում էին խոսնակի, ՆԳ նախարարի հրաժարականները: Ցույցերի ֆոնին Վրաստանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն հրաժարական է ներկայացրել:










