Հնդկաստանում հրդեհի պատճառով շուրջ 70 մարդ արգելափակվել է բազմահարկ շենքում
Հնդկաստանի արևմտյան Մումբայ քաղաքի MTNL պետական հեռահաղորդակցության ընկերության բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով շուրջ 70 մարդ մնացել է շենքում արգելափակված, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
Հրդեհը մեծապես տարածվել է շենքի 3-րդ և 4-րդ հարկերում: Հրդեհաշիջման աշխատանքներին առնվազն 14 հրշեջ մեքենա է մասնակցում: Բարձր հարկերում արգելափակված մարդկանց դուրս բերելու համար կռունկներ են օգտագործվում:
Առայժմ հայտնի չէ՝ ինչն է հրդեհի պատճառ դարձել: Նշվում է, որ հրդեհի բռնկումից առաջ ականատեսներն այրվող մետաղալարերի հոտ են առել: Ներկա պահի դրությամբ ավելի քան 60 մարդ է փրկվել, տուժածների ու զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան:










